Զորամասերից մեկին սնունդ մատակարարող ընկերության աշխատակիցներին մեկուսացրել են

Զորամասերից մեկին սնունդ մատակարարող ընկերության աշխատակիցը ջերմություն է ունեցել, ինչի համար էլ նրա հետ շփվածներին մեկուսացրել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Զինված ուժերի զորամասերից մեկի ճաշարանի աշխատակիցներին մեկուսացրել են, քանի որ աութսորսինգ իրականացնող կազմակերպություններից մեկի աշխատակիցը տեղեկացրել է գործատունին, որ ջերմություն ունի։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ լուրը հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։

«Ճաշարանի աշխատակիցը, որն ափսե էր լվանում, նման խնդիր է ունեցել։ Սակայն ջերմություն ունենալու օրը տեղեկացրել է գործատուին, և նրան հրահանգվել է զորամաս չայցելել։ Ամբողջ շրջանակը, որը զբաղվել է սննդի մատակարարմամբ, մեկուսացվել են, և ճաշարանում աշխատողների կազմը փոխվել է»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` ջերմություն ունեցող աշխատակիցը որևէ առնչություն չի ունեցել զինվորների հետ, չի մասնակցել սննդի բաժանմանն ու պատրաստմանը։ Նա միայն ափսեներն է լվացել։

Հայաստանում ավելի քան 3000 պոտենցիալ վարակակիր հանգիստ շրջել են ու վարակ տարածել

Շարժական լաբորատորիայում արդեն 165 նմուշառում է կատարվել. ինչպիսին են պատասխանները

Օհանյանը հայտնեց, որ սննդի մատակարարմամբ զբաղվող կազմակերպության տնօրենը հետևում է աշխատակիցների առողջական վիճակին և անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի, սակայն այդպես էլ հստակ չասաց՝  ճաշարանի ափսե լվացողի մոտ կորոնավիրուս հաստատվել է, թե ոչ:

Հիշեցնենք, որ Օհանյանն այսօր որևէ տվյալ չհայտնեց, թե քանիսն է կորոնավիրուսով վարակվածների թիվը ԶՈՒ–ում։ Նա միայն տեղեկացրեց` 6 զինծառայող արդեն իսկ բուժվել ու անցել է ծառայության։

Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 1039 է:

6 զինծառայող կորոնավիրուսից բուժվել ու անցել են ծառայության