Մեկ ամսից ավել է, ինչ հայ բժիշկներն ու բուժաշխատողները պայքարում են SARS-CoV-2-ի նոր տիպի կորոնավիրուսի դեմ։ Ներգրավված է 1700 բժիշկ ու բուժաշխատող, ինչպես նաև մի քանի հարյուր օրդինատոր։
Բժիշկների մի մասը, հատկապես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները, մեկուսացվել է, քանի որ չեն ուզում ռիսկի ենթարկել իրենց ընտանիքներին։ Կան բժիշկներ, որոնք արդեն մեկուկես ամիս չեն տեսել իրենց երեխաներին կամ հեռվից են տեսել։ Բուժաշխատողները խոստովանում են, որ շատ են կարոտել իրենց ընտանիքներին ու սովորական կյանքին։
Բժիշկները կարոտել են ծնողներին, տնական տաք ճաշերը, բայց նրանց աչքերը լցվում են, երբ սկսում են երեխաների մասին խոսել։
Փոքրիկներն ամենածանրն են տանում ստեղծված իրավիճակը: Նրանք սպասում են մայրիկների ու հայրիկների վերադարձին, իսկ ծնողները չեն ուզում հուսախաբ անել երեխաներին ու ամեն բան անում են մայիսի վերջին տուն գնալու համար։ Քաղաքացիներին բժիշկները միայն մի բան են խնդրում` մնալ տանը, որ չտարածեն վիրուսը։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնովիրուսով վարակվածների թիվը հասել է 1039–ի։ Կորոնավիրուսի առաջացրած բարդություններից մահացել է 14 մարդ։
Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է սահմանվել։ Փակ են բոլոր խանութները, բացի մթերայիններից։ Գործում են միայն դեղատներն ու ռազմավարական նշանակության օբյեկտները։
Քոչարիով կհաղթենք. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները պարում են. տեսանյութ
15 օրից ավել է՝ ծնողներին չի տեսել։ Ուզում է վարակին շուտ հաղթենք ու սկսենք իրար հետ նորմալ շփվել ու գրկախառնվել։
Տանը չի եղել երկու շաբաթ։ Այնքան լարված է աշխատել վերջին մեկ ամսում, որ իր հանգստյան մեկ օրը քնած է անցկացրել։ Շատ է կարոտում ընտանիքին, բայց վստահ է` ամեն ինչ լավ է լինելու։
Այս օրերը նմանեցնում է ապրիլյան պատերազմին, պարզապես առաջնագծում բժիշկներն են։ Շատ է կարոտել իր երեխաներին ու կնոջը։ Ուզում է՝ իր փոքրիկ տղան այլևս չգրի, որ ուզում է կեղտոտ մարոլ ուտել, որ պապան իրեն բուժի։
Մարտի մեկից տանը չի եղել։ Շատ է կարոտել իր երեք երեխաներին: Ուզում է սովորական հագուստ հագնել։ Երազում է իրավիճակի կարգավորման ու տուն վերադառնալու մասին։
Ինքնամեկուսացած է տանը։ Հավատը, որ կորոնավիրուսը կպարտվի, նրան ուժ է տալիս դիմակայել այս ամենին։ Ուզում է, որ վարակի հաղթահարումից հետո մարդիկ ավելի ուշադիր լինեն միմյանց նկատմամբ։
Ամսից ավելի տանը չի եղել։ Ուզում է viber–ի պապայից կրկին իրական հայրիկ դառնալ։ Վստահ է, որ հաղթանակի միակ միջոցը համախմբվածությունն է ու նվիրված աշխատանքը։
1.5 ամիս է՝ հիվանդանոցից տուն չի գնացել։ Կարոտել է իր մայրիկի եփած թանապուրը: Ուզում է այլևս երբեք Երևանի փողոցները դատարկ չտեսնել։
Չի հիշում, թե երբ է վերջին անգամ տանը եղել։ Կարոտել է ծնողներին։ Ուզում է բոլորը մնան տանը, որ հնարավոր լինի վայելել գալիք ամառը։
Մեկ շաբաթ առաջ տնեցիներին պատուհանից է տեսել։ Ուզում է վերադառնալ նախկին կյանքին, որ երեկոները երեխաների հետ խաղա ու օգնի դասերը պատրաստել։ Հուսով է՝ ամռանը վարակը նահանջած կլինի։
Արդեն 17 օր է՝ տանը չի եղել ու երեխաներին չի տեսել։ Օրվա էմոցիաներից տպավորված՝ հաճախ չի կարողանում քնել։ Խնդրում է բոլորին տանը մնալ, որ բժիշկները հասցնեն պայքարել վարակի դեմ։
20 օր տանը չի եղել։ Շատ կուզեր գնալ տուն ու հարազատների հետ երեկո վայելել։ Ուզում է այս ամենը շուտ վերջանա ու մարդիկ սկսեն գնահատել կյանքի հաճելի մանրուքները։
Չի հիշում՝ երբ է վերջին անգամ ընտանիքին տեսել։ Բոլորին կոչ է անում չվախենալ, որովհետև ամեն բան հաղթահարելի է։ Վստահ է, որ հավատն ու լավ ընկերները օգնում են ցանկացած իրավիճակում։
Արդեն երկու շաբաթ է՝ «Նորքի» բժիշկներին օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ։ Նա ընդամենը մեկ բան է ուզում ասել. «keep calm and stay home» (Մնա տանը)։
Տուն չի գնում, որ մայրիկին չվարակի։ Կարոտել է ընտանեկան մթնոլորտն ու ուտելիքները։ Ուզում է, որ մայրիկն այլևս չանհանգստանա իր համար։ Խնդրում է տանը մնալ, որ ինքն ու իր ընկերներն էլ կարողանան տուն գնալ։
Արդեն երկար ժամանակ է՝ ինֆեկցիոն հիվանդանոցում է։ Հասցրել է սիրահարվել իր ընտրած մասնագիտությանը։ Ուզում է րոպե առաջ գրկել հարազատներին։
Մեկ ամսից ավել հիվանդանոցում է մնացել։ Գրկախառնություններին է կարոտել... (Ավելին ասել չկարողացավ` հուզվել էր)։
Մարտի վերջից տանը չի եղել։ Հեռախոսով է շփվում ընտանիքի հետ, այն էլ՝ կեսգիշերից հետո, երբ հյուրանոցում է լինում։ Ուզում է մարդիկ իրար ու բնության նկատմամբ ավելի հոգատար լինեն։
Այս օրերին համոզվել է, որ անհնարին ոչինչ չկա ու ամեն ինչ կարելի է հաղթահարել, իհարկե՝ սեփական հանգստի, նվիրվածության ու մեծ աշխատանքի շնորհիվ։ Ուզում է տնեցիների հետ հեռավորության վրա չշփվել։
Մոտ 20 օր տուն չի գնացել։ Սկեսուրի եփած ջրիկ ճաշն է կարոտել։ Ուզում է բոլորը տանը մնան, որ վարակը նահանջի ու բժիշկների ջանքերն իզուր չլինեն։
Մի ամսից ավել ընտանիքին չի տեսել։ Շատ է կարոտում, բայց նաև զգացել է մարդկանց հոգատարությունը բժիշկների ու բուժքույրերի նկատմամբ։ Հույս ունի՝ մարդիկ կօգնեն, որ շուտ տուն գնա։
Չի հիշում՝ երբ է վերջին անգամ տանը եղել։ Կարոտել է ընտանիքին։ Ուզում է փոքրիկ դստերը բարի գիշեր մաղթել գրկած, ոչ թե հեռախոսով։ Վստահ է՝ միասին կհաղթենք հիվանդությանը։
Երկու շաբաթ մայրիկին չի տեսել։ Օրական մեկ անգամ հեռախոսազանգով շփվում է ընտանիքի հետ։ Մայրիկի պատրաստած թփով տոլման է կարոտել։ Կցանկանար, որ ազգը գիտակցի իրավիճակն ու ինքնակամ մնա տանը։
Արդեն չորրորդ շաբաթն իր բալիկին չի տեսել։ Ուզում է իրավիճակը շուտ հարթվի ու իր ընտանիքի համար համեղ ճաշ պատրաստի։ Համոզված է՝ վարակից հետո մարդիկ ավելի շատ են վստահելու բժիշկներին։
Առաջին վարակակիր պացիենտին ինքն է ընդունել ու այլևս տուն չի գնացել։ Սկզբում երեխաներն ընդդիմանում էին, բայց հիմա ընտելացել են ու մայրիկի հետ sms–ներով են շփվում։ Նաիրան կարոտել է ընտանեկան ճաշերին։ Ուզում է մարդիկ ավելի զգոն լինեն։
Մարտի քսանին է վարջին անգամ տուն գնացել։ Ընտանիքի անդամները շատ անհանգիստ են. վախենում են՝ վարակվի։ Ինքը լավատես է ու հուսով է, որ վարակին շուտով կհաղթենք։ Խնդրում է օգնել բժիշկներին ու զգույշ լինել։
Տասն օրից ավել տուն չի գնացել։ Գիշեր–ցերեկը խառնել է արդեն, բայց գիտակցում է իր գործի կարևորությունը։ Շատ է ուզում իր երեխաներին գրկել։ Խնդրում է տանը մնալ ու օգնել բուժաշխատողներին այս դժվար պայքարում։
Ինքնամեկուսացած է։ Ընտանիքի հետ գրեթե չի շփվում։ Ուզում է իրավիճակն արագ հարթվի ու գրկի ընտանիքի անդամներին։ Խնդրում է լսել բժիշկներին ու օգնել իրեն տուն գնալ։
Ավելի քան մեկ ամիս տանը չի եղել։ Շատ է ուզում, որ կյանքը վերադառնա նախկին տեմպին։ Խորհուրդ է տալիս չվախենալ, որովհետև բժիշկները միշտ կօգնեն, բայց պետք է նաև զգույշ լինել։
Արդեն չի էլ հիշում, թե երբ է տանը եղել։ Կարոտել է ընտանիքին։ Վստահ է՝ բժիշկներին լսելու դեպքում մարդիկ չեն վարակվի, իսկ վարակվածները շուտ կբուժվեն։ Ասում է՝ սիրեք միմյանց ու գնահատեք ամեն պահը։
Տուն գնում է, բայց ինքնամեկուսացել է սենյակում։ Հոգնել է ընտանիքին մոտ, բայց հեռու լինելուց։ Ուզում է բոլորն առողջանան, իսկ ինքը «ջիգյարով» գրկի հարազատներին։
Մոտ մեկ ամիս տուն չի գնացել։ Մայրիկի պատրաստած թանապուրն է կարոտել ու եղբոր երեխաներին։ Ուզում է այլևս երբեք վիրտուալ հորաքույր չլինել։ Խնդրում է հետևել բոլոր անհրաժեշտ կանոններին։
Ինքն ու կամավոր դուստրը ամսից ավել պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Երբեմն տուն գնում են։ Ուզում է ինքն ու դուստրը օգնեն վերջին հիվանդին և տանը ընտանեկան ջերմ երեկո կազմակերպեն։
1.5 ամիս տանը չի եղել։ Այնքան զբաղված է, որ երբեմն օրվա մեջ չի հասցնում զանգել հարազատներին։ Ուզում է իրավիճակը շուտ շտկվի ու կյանքն էլի վերադառնա բնականոն հունին։ Խնդրում է օգնել իրեն ու տանը մնալ։
Ծանրաբեռնված է աշխատում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին իսկ օրվանից։ Ընտանիքին շատ է կարոտել։ Շատ է ուզում իրավիճակը շուտ կարգավորվի ու մարդիկ հնարավորինս քիչ հիվանդանան։
Տասն օրից ավել է՝ տանը չի եղել։ Համավարակի օրերին համոզվել է, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել։ Գյումրեցուն բնորոշ համառությամբ պնդում է՝ վիրուսի հախից կգանք ու նորովի արժևորված կյանք կսկսենք։
Ամենաշատը կուզեր չունենալ ծանր հիվանդներ, մարդիկ առողջ լինեին։ Խնդրում է քաղաքացիներին մնալ տանն ու պահպանել անհրաժեշտ կանոնները։ Ուզում է շատ շուտով ընտանիքի հետ ճաշել։
Արդեն մեկ ամիս է՝ տուն չի գնացել։ Մայրիկին է կարոտել։ Հենց նրա ջերմ խոսքերն են իրեն ուժ տալիս։ Փորձում է օրը 5-6 անգամ հեռախոսով խոսել հետը։ Խնդրում է տանը մնալ, որ ինքն էլ մայրիկին շուտ տեսնի։
երեքից « Նորքում» է։ Վստահ է, որ կարևոր առաքելություն ունի։ Ուժ է ստանում լավացած հիվանդներից։ Ուզում է՝ մեկ–երկու ամսից աշխարհը հաղթի կորոնավիրուսին։
Մարտի երեսունից ծանրաբեռնված աշխատում է։ Հազիվ է դիմանում ընտանիքի անդամների կարոտին։ Իրեն ուժ է տալիս հավատը, որ ամեն ինչ կավարտվի, իսկ ինքը կգնա տուն ու կգրկի հարազատներին։
Համավարակի առաջին իսկ օրվանից հիվանդանոցում է։ Նրա համար հետաքրքիր է լինել այս իրավիճակում ու անել առաջին մասնագիտական քայլերը։ Ավելի է սիրել բժշկությունն ու վստահ է, որ շուտուվ հիվանդությունը կնահանջի։
Վերջին անգամ տանը 20 օր առաջ է եղել։ Ամեն անգամ հուզվում է, երբ աղջիկը հարցնում է. «Պապա, ե՞րբ ես գալու»։ Ուզում է վերջին պացինետը բուժվի, որ ինքն էլ գրկի իր փոքրիկին։
Տուն գնում է շատ ուշ ժամի, որ տնեցիներին չհանդիպի։ Ուզում է բոլոր ծանր հիվանդները առողջանան ու ոչ ոք չմահանա։ Խնդրում է կարգապահ լինել ու օգնել հաղթել այս «թշնամուն»։