Վլադիմիր Գասպարյանը 900 մլն դրամ պետք է վճարի իր տան նախկին սեփականատիրոջը

Վլադիմիր Գասպարյանի տան նախկին սեփականատերը տունը փաստաթղթերով վաճառել էր, սակայն տան վաճառքի գումարը՝ 900 միլիոն դրամը, այդպես էլ չէր ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարտավոր է 900 միլիոն դրամ վճարել փաստացի իրեն պատկանող առանձնատան նախկին սեփականատիրոջը. նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ: Լուրը հայտնում է Hetq.am–ը։

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հարցաքննել են

«Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատարան էր դիմել 2018թ-ին։ Դանիելյանն իր տունը փաստաթղթերով վաճառել էր Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին, սակայն տան գինը՝ 900 միլիոն դրամը, այդպես էլ չէր ստացել»,–գրում է կայքը։

Տան նախկին սեփականատերը դատարանից պահանջել է, որպեսզի Գասպարյանի զոքանչի պարտավորությունները փոխանցվեն Վլադիմիր Գասպարյանին և նրա կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին, քանի որ գործարքի իրական կողմը հենց Վլադիմիր Գասպարյանն է։ Դատարանը 2020 թվականի ապրիլի 10-ին վճռել է Աղասի Դանիելյանի հայցը բավարարել։

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում 756 շինություն կա. թողնելը մի խնդիր է, քանդելը` մեկ այլ

Աղասի Դանիելյանի և Գասպարյանի զոքանչի միջև կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդի պարտավորությունները փոխանցվել են Վլադիմիր Գասպարյանին և նրա կնոջը։ Առանձնատան նկատմամբ Վլադիմիր Գասպարյանի անչափահաս որդու անվամբ կադաստրում կատարված գրանցումն անվավեր է ճանաչվել։

Որպես առանձնատան սեփականատեր կադաստրում պետք է գրանցվի Վլադիմիր Գասպարյանի և կնոջ համատեղ սեփականության իրավունքը։ Վլադիմիր Գասպարյանն ու նրա կինը Աղասի Դանիելյանին պետք է վճարեն 900 միլիոն դրամ՝ առանձնատան գումարը։ 18 միլիոն դրամ էլ նրանք պետք է վճարեն պետբյուջե՝ որպես պետական տուրք։

«Պոտյոյին» են փորձել սպանել. ի՞նչ կապ ունի նա Վլադիմիր Գասպարյանի հետ

Գասպարյանների հաշիվների և գույքի վրա դրված արգելանքը կպահպանվի մինչև դատական ակտի կատարումը։ Վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։

«Հետքը» երկու տարի առաջ ներկայացրել էր նախկին ոստիկանապետի գնած առանձնատան պատմությունը։ 

Հիշեցնենք` 2019թ–ի սեպտեմբերի 18–ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ինչպես են կառուցվել նախկին պաշտոնյաների առանձնատները