Կարտոֆիլ վաճառողների բախտը բերել է, խոզաբույծներինը՝  ոչ. կորոնավիրուսն ու վնասները

Կորոնավիրուսի համավարակը համաշխարհային տնտեսությանը լուրջ վնասներ է հասցրել։ Թեպետ գյուղատնտեսական աշխատանքները մեր երկրում կանգ չեն առել, բայց փոխարենը տարբեր ապրանքների սպառման ծավալներն են փոխվել՝ աճելով կամ կտրուկ նվազելով։
Sputnik

Մարիաննա Փայտյան, Sputnik Արմենիա

Դժվարին այս օրերին բազմաթիվ գյուղատնտեսներ լուրջ խնդրի առաջ են կանգնել՝ չկարողանալով իրենց ապրանքն իրացնել նույն ծավալով։ Հարվածը հատկապես ցավոտ է ռեստորաններին մսամթերք, բանջարեղեն, կանաչեղեն մատակարարողների համար։ Այս իրավիճակում եղել են նաև գյուղատնտեսներ, որոնց գործում համավարակը բացասական հետևանքները չի թողել, այլ լրիվ հակառակը։ Sputnik Արմենիան ուսումնասիրել է ոլորտն ու փորձել հասկանալ՝ ովքեր են տուժել, ովքեր, անկախ իրենց կամքից, շահել այս իրավիճակից։

Ամենաշատ կորուստ կրածները

Կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակն առաջինը հարված հասցրեց ծաղիկների ջերմոցատերերին։ Նույնիսկ կանանց միամսյակն առանձնապես չմեղմեց վնասները։

Կորոնավիրուսը հարվածեց նաև ծաղկի բիզնեսին. գործարարները ծաղիկները տարել են պանթեոն

Արդեն քանի տարի ո՞վ էր տեսել կանանց տոնին հոլանդական վարդը հնարավոր լիներ գնել մեկ հատը 500-550 դրամով՝ նախկին 2000-2500 դրամի փոխարեն։ Գները սրընթաց իջնում են, բայց գնորդ էլի չկա։ Պարզ բան է՝ լարված այս օրերին ծաղիկ գնելու մասին քչերն են մտածում։

Խոզ մորթելը հստակ «դեդլայն» ունի, բայց սպառում չկա

Երկրորդ հարվածը խոշոր խոզաբուծարաններին հասավ։ Մասնագիտությամբ մարքետոլոգ, գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին տիրապետող Հարություն Մնացականյանն ասում է՝ խոզի մսի մեծածախ գինն արդեն 1500 դրամ է  ու շարունակում է ժամ առ ժամ իջնել՝  ամեն մի դրամի էժանացման հետ հարվածելով  ֆերմերների գրպանին։

Մարդկությանը բաժին ընկած խոշոր համաճարակներն ու դրանց հետ կապված մութ պատմությունները

«Սրանից ավելի որ իջնի, ֆերմերն արդեն վնասով է աշխատելու»,- ասում է Հարությունն ու բացատրում՝ խոզի միսը տնային պայմաններում այդքան հաճախ չեն օգտագործում, ինչպես, օրինակ, տավարինը։ Այդ պատճառով էլ խոզի մսի հիմնական սպառողը ՀոՌեԿա սեգմենտն է (HoReCa` հյուրանոց-ռեստորան-սրճարան, անգլ.)։ Թեպետ ռեստորանների ու սրճարանների մի մասը հիմա շարունակում է առաքումով աշխատել, բայց սպառումը նույնը չէ։ Հաշվի առնենք, որ վերջին ամիսներին աշխարհում տուրիզմը կանգ է առել, դա նշանակում է, որ Հայաստան էլ մեծ թվով զբոսաշրջիկներ չեն եկել և ռեստորաններում ավանդական հայկական խորոված չեն կերել։

«Կոչոն» խոզաբուծական ֆերմայի տնօրեն Սերգեյ Նիկողոսյանը հաստատում է՝ տարեսկզբից խոզի մսի սպառման տեմպերը պակասել են, վերջին շրջանում վիճակն արդեն շատ ավելի վատ է։

«Մերը մեծ ֆերմա է, համարյա 2500 գլուխ անասուն ունենք։ Նույնիսկ չեմ էլ պատկերացնում, թե ինչ է լինելու, եթե այսպես երկար շարունակվի»,- ասում  է Նիկողոսյանն ու նշում, որ իրենք դիմել են պետական մարմնին՝ գոնե խոզերի կերի հարցում աջակցություն ստանալու։

Վերջին օրերին շուկայում գների նվազում է նկատվում. ինչն է էժանացել

Խոզուկների հարցում խնդիրը լուրջ է. ի տարբերություն խոշոր եղջերավոր անասունների, որոնց մորթը կարելի է և հետաձգել, կերի վրա էլ գումար չծախսել, որովհետև արդեն արոտավայրեր տանելու ժամանակն է։ Խոզի դեպքում անընդհատ կերի վրա գումար ես ծախսում, խոզուկն էլ որքան մեծանում է, մսի գինն այնքան էժանանում է։

Իհարկե, կարելի է խոզը մորթել ու միսը սառեցնել։ Բայց այստեղ էլ նոր ծախսեր են առաջ գալիս՝ սառցախցիկներ են պետք, սառցախցիկներն էլ էլեկտրաէներգիա են ծախսելու, ի վերջո, սառեցված մսի գինն ու թարմինը նույնը չեն։

Վտանգ նաև բանջարեղենի ջերմոցատերերի համար

Թեպետ բանջարեղենի սպառման ռեստորանների մասը պակասել է, բայց վնասները դեռևս զգալի չեն։ Սահմանները փակ էին. Թուրքիայից, մի որոշ ժամանակ նաև Իրանից ներկրում չեղավ, հետևաբար տեղական արտադրանքի հաշվին չներկրվածի պակասն էլ չզգացվեց։ Այն, որ այստեղ խնդիր չկա, հուշում են նաև բանջարեղենի գները՝ ամենաէժան լոլիկը 1100-1300 դրամ արժե, վարունգը՝ 900-1000 դրամ, բայց սպառման վրա դա կարծես չի ազդում։

Ծաղիկները կորոնավիրուսին չեն սպասում․ ի՞նչ վիճակում են ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը

Բայց այ լուրջ ու վտանգավոր խնդիրը լոլիկի, վարունգի արտահանումով զբաղվող ջերմոցների համար է ստեղծվել։

«Ռուբլու կուրսը շատ է ընկել, 6,7-ից ցածրի դեպքում կարող է իրենց ծախսը չհանեն, այս պահին արդեն 6,4 է»,- ասում է Հարություն Մնացականյանը։ Նա նաև հույս ունի, որ հայաստանյան շուկայի հաշվին վնասները նվազագույնին կհասցվեն։

«Այ եթե ռուսական ռուբլու կուրսը չհարմարվեց մեր դրամի կուրսի հետ, ծնեբեկ արտադրողներն են տուժելու»,- ավելացնում է նա։

Իմ այն դիտարկմանը, թե ծնեբեկը Հայաստանում շատ բարձր գին ունի, Հարությունն ասում է՝ բարձրարժեք բույս է, որի ինքնարժեքը լավագույն դեպքում 1600 դրամից է սկսվում, հասնում մինչև 2200 դրամ, էժան լինել չի կարող։  

Կոտրած տաշտակի առջև են մնացել ոչ ավանդական մշակաբույսեր աճեցնողները

Տուժել են նաև ոչ ավանդական, նոր մշակաբույսեր աճեցնողները, քանի որ դրանց սպառողը ևս ՀոՌեԿա սեգմենտն է, սովորական հայաստանցին հազվադեպ ֆենխել կամ արտիշոկ կգնի՝ ընտանիքի ճաշը պատրաստելու համար։ Անշուշտ, վերևում թվարկված վնասների կողքին ոչ ավանդական մշակաբույսեր աճեցնողների վնասներն այդքան մեծ ծավալի չեն, որովհետև դրանց մշակման ծավալներն էլ մեծ չեն։ Վնասը մեծ է, թե փոքր, բայց այն կա և զգալի է մշակողի համար։

Փաշինյանը հանձնարարել է գյուղամթերքների արտադրության մշակման ծրագիր պատրաստել

«Ռեստորանները փակ են, մեր ապրանքն էլ մնում, փչանում է»,- ասում է Ռոբերտ Մնացականյանը, որը տարատեսակ բարձրարժեք բույսերի արտադրությամբ է զբաղվում՝ ռոզմարին, բազիլիկ, լիմոնգրաս, շվեյցարական մանգոլդ, միկրոկանաչիներ։

Ալվարդ Դավոյանը Լոռու Վարդաբլուր գյուղում զբաղվում է ոչ ավանդական կուլտուրաների աճեցմամբ՝ կոլրաբի, արտիշոկ, ռուկոլա և այլն։ Նույն պատճառով, ինչպես և մյուսները, այս պահին ինքը ռուկոլայի իրացման խնդրի առաջ է հայտնվել։ Բարձրարժեք, օգտակար կանաչին քաղելու ժամանակն է, բայց սպառողին հասցնել չի կարողանում։

«Ստիպված քաղել եմ, փաթեթավորել, սառնարանում պահեստավորել, որովհետև այդպես մոտ 10 օր պահպանվում է։ Միգուցե մինչև այդ իրավիճակը փոխվի»,- ասում է տիկին Ալվարդն ու նշում, որ եթե այսպես երկար շարունակվեց, խնդիրը հերթականությամբ մյուս մշակաբույսերին է հասնելու։

Իհարկե, կանաչիները կարելի է չորացնել և այդպես վաճառել, բայց այս դեպքում էլ  մի շարք ծախսեր ու խնդիրներ են առաջ գալիս՝ փաթեթավորումից սկսած չորացրած կանաչու գնով ավարտած։

Բերքը չկա, վնասներն արդեն կան

Կտրուկ պակասել է նաև տնկիների սպառումը։ Անդրանիկ Երվանդյանը Արարատի մարզի Նարեկ գյուղում տնկիների արտադրությամբ ու վաճառքով է զբաղվում։ Ասում է՝ իրավիճակը ոչ միայն իր գրպանի, այլև գյուղի մեծ մասի վրա է զգալի ազդել, քանի որ շատերն են տնկիների վաճառքով զբաղվում։

Սոցիալական աջակցություն ստացողների թիվը ապրիլի 13–ից կրկնակի տեմպերով կավելանա. Փաշինյան

«Ես Facebook-ում տնկիների էջ ունեմ, որի միջոցով փոքրաքանակ գնորդների համար ամեն կիրակի առաքում էի կազմակերպում Երևան և ամեն առաքման ժամանակ վաճառում էի 300-350 հազար դրամի տնկի։ Արդեն 4 շաբաթ է՝ առաքում չեմ արել, որովհետև մարդիկ վախենում են տանից դուրս գալ, պատվեր չեն կատարում։

Բացի այդ ամեն օր գյուղից՝ անմիջապես տնկարանից, վաճառում էի 40-50 հազար դրամի տնկի, ու կարանտինը հայտարարելուց հետո ընդհանրապես վաճառք չեմ կարողացել արել»,- ասում է Անդրանիկն ու հավելում, որ ամեն տարի նաև դպրոցներն, մանկապարտեզների այգիների համար տնկիներ է նվիրում. այս տարի մարդիկ չեն եկել նույնիսկ նվերների հետևից։

Համավարակի հակառակ կողմը

Եթե մտադիր ես երկար ժամանակ տնից դուրս չգալ, ապա պիտի ուշ փչացող, օգտագործման երկար ժամկետ  ունեցող սննդամթերքով զինվես։ Հայաստանում արտակարգ այս օրերին մակարոնեղենի կողքին ամենաշատը սպառվել են ձավարեղենն ու կարտոֆիլը։

Հարություն Մնացականյանն արդեն 10 տարի է՝ հացահատիկային և բարձրարժեք կուլտուրաների աճեցմամբ է զբաղվում, 40-ից ավելի նոր կուլտուրաներ է աճեցրել՝ քինոա, օրեգանո, կոլրաբի, դայկոն բողկ, ռուկոլա և այլն։ Սակայն հիմնական զբաղմունքը հաճարի աճեցնումն է։

Մինչև 2018 թվականը հաճարը հիմնականում արտահանում էր,  դրանից հետո սպառումն այստեղ այնքան շատ է, որ շատ քիչ է կարողանում արտահանել։ Խոստովանում է՝ երբեմն նույնիսկ տեղում է դեֆիցիտ լինում։

«Գյուղատնտեսական վարկերի տոկոսները կզրոյացվեն»․ Փաշինյան

Հաճարի սպառումն այս օրերին ավելացել է։ Ապրիլ, մայիս ամիսներին ձավարեղենի սպառման ծավալները նվազում են, որովհետև մարդիկ սկսում են ավելի շատ բանջարեղեն գնել։ Իր հաշվարկներով՝ այս տարվա պաշարները պետք է բավականացնեին մինչև հունիս, երբ սկսվելու էր հաճարի քաղը։ Հիմա ապրիլի սկիզբն է՝ իր  պահեստավորած հաճարն արդեն վերջանում է։ Այս տարի անգամ վստահ չէ, որ արտահանել կկարողանա։ Նշում է՝ եթե այսպես երկար շարունակվեց, չի բացառում, որ գոնե իր ապրանքի դեպքում դեֆիցիտ կլինի։

Ռեստորատորները հուսահատվել են․ ի՞նչ պետք է անի իշխանությունը ոլորտը փրկելու համար

«Այս տարի կարտոֆիլ աճեցնողների բախտը խիստ բերել է»,- շարունակելով իրավիճակից չտուժածների թեման՝ ասում է Հարությունը։

Հացահատիկ արտադրողների կողքին երկրորդ շահողը կարտոֆիլի մշակությամբ զբաղվողներն են եղել, նրանց օգնել է ոչ միայն մարդկանց տանից հաճախ դուրս չգալու ցանկությունը, այլև այն, որ որոշ ժամանակ հարևան երկրներից Հայաստան կարտոֆիլ չի ներկրվել։

«Եթե պանդեմիան չլիներ, մարդիկ տներում փակված չմնային, կարտոֆիլն այս քանակությամբ չէր սպառվելու և կարտոֆիլ աճեցնողների տանն ահագին չվաճառված կարտոֆիլ էր մնալու, կա՛մ պետք է անասնակեր սարքեին, կամ՛ որպես սերմացու վաճառեին»,- նշում է նա։

Այս ոլորտում արդեն եղած խնդիրները կավելանան, թե ոչ՝ այս պահին ոչ ոք չի կարող ասել այնպես, ինչպես չի կարող ասել, թե երբ Հայաստանն ու աշխարհը կհաղթեն չարաբաստիկ կորոնավիրուսին։ Սեփական գրպանի վրա վնասները զգացող գյուղատնտեսներն էլ իրենց անելիքները դեռ չգիտեն, ոմանք արդեն դիմել են աջակցության համար, մյուսները դեռ չեն շտապում թևաթափ լինել՝ հուսալով, որ իրավիճակը կկարգավորվի մոտ ապագայում։