ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի-Sputnik. Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է մեկով։ Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ կորոնավիրուսի վարակ է հաստատվել:
«Վերջինս Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է, որը մինչ այս պահը ինքնամեկուսացած էր: Թեստի դրական պատասխանից հետո քաղաքացին մեկուսացվել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը հայտնում է նաև, որ Քարվաճառի վարակված երկրորդ դեպքով անձի շրջանակը ճշտված է։ Հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար. նա կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ չունի:
«Համավարակից տևական ժամանակ զերծ մնալը երջանիկ պատահականություն էր». Գեղարքունիքի մարզպետ
Շտաբից հաղորդում են նաև, որ Քաշաթաղի բուժմիավորումում այսօր մեկուսացվել են Միրիկ համայնքից ևս երկու քաղաքացիներ, որոնք այդ համայնքում վարակված քաղաքացու շփման առաջին շրջանակից են:
Այս պահին մեկուսացած քաղաքացիների թիվը 12 է, այդ թվում՝ 6 վարակակիրները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով այսօր Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Այն կշարունակվի մայիսի 12-ը։
Հիշեցնենք` ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել. վարակվածը Միրիկ գյուղի բնակիչ, 60 տարեկանից բարձր տարիքի տղամարդ է, որն ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, այնուհետև տեղափոխվել Երևան: