ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձել են Հայաստան։
«Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողների Հայաստան տեղափոխումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ տարբեր նահանգներում սովորող հայ աշակերտներին Հայաստան են տեղափոխում
Դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից գնացած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և ՀՀ քաղաքացիներին խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով պարեկային ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել Հայաստան։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։
Տեղեկացնենք նաև, որ դեսպանության և վրացական կողմի միջև կար նախնական պայմանավորվածություն, որ Վրաստանում մտցված արտակարգ դրությունից և համընդհանուր կարանտինից ելնելով, արտերկրից Վրաստան ժամանած ՀՀ քաղաքացիների և դեսպանության ներկայացուցիչների միջև շփումը պետք է բացառվի։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության, ինչպես նաև Ամերիկյան խորհուրդների հետ համագործակցության արդյունքում (ոչ առևտրային կրթական կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում), կազմակերպվել է FLEX ծրագրի շրջանակում Միացյալ Նահանգների տարբեր կրթական հաստատություններում վերապատրաստված հայ և վրացի ուսանողների վերադարձը:
ԱՄՆ-ից հատուկ չվերթով Հայաստան վերադարձած աշակերտները կատարում են Երևանի հիմնը․ տեսանյութ