Այս շաբաթ վիրավոր ենք ունեցել, բայց սահմանին հակառակորդի կրակոցների թիվը նվազել է

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1200 կրակոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ արցախա–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցների թիվն այս շաբաթ, նախորդի համեմատ, նվազել է։

«Ապրիլի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Բախտը բերել է` գնդակն անցել է ուղիղ թոքի կողքով. մանրամասներ վիրավոր զինվորի մասին

Հիշեցնենք, որ մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1300 կրակոց:

Ապրիլի 5–ին հայտնի դարձավ, որ Արցախում հակառակորդի կրակոցներից վիրավորում է ստացել հայ զինծառայող` 2000թ. ծնված Արայիկ Շախպազյանը։

Զինծառայողը վիրավորում էր ստացել կրծքավանդակի շրջանում, սակայն, բարեբախտաբար, գնդակն անցել էր թոքի կողքով և տղայի կյանքին վտանգ չի սպառնում։

Արցախում հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել