Նախարարությունը Ucom-ի աշխատակիցներին հիշեցրել է արտակարգ դրության մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կապի օպերատորների աշխատակիցներին կոչ է արել ապահովել կապի ու հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել ՀՀ կապի և հեռահաղորդակցության օպերատորներին ու դրանց աշխատակիցներին արտակարգ դրության պայմաններում ցուցաբերել բարձր պատասխանատվություն և ապահովել կապի ու հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքը:

Մոտ 800 աշխատակից ազատման դիմում են գրել. Ucom–ում քննարկումներ են ընթանում

Անդրադառնալով «Յուքոմ» ՓԲԸ-ի կողմից «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման մասին մամուլում տարածված լուրերին՝  նախարարությունը հիշեցրել է, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն` այդ գործընթացը սկսելու համար ընկերությունները նախ պետք է ստանան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությունը:

«Հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ»,- հայտնում է նախարարությունը:

Հիշեցնենք՝ ապրիլի 9–ին հայտնի դարձավ, որ Ucom ընկերության կառավարման ողջ օղակը՝ բոլոր տնօրենների գլխավորությամբ, ինչպես նաև տեխնիկական ողջ անձնակազմն աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։

Ucom-ի և Beeline-ի միավորման վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն դեռ որոշում չունի

2019 թվականի դեկտեմբերի 30-ին Ucom-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը «Beeline») գնելու նպատակով:

Մինչև 2015 թվականին Orange Armenia–ն ձեռք բերելը ընկերությունում աշխատել է մոտ 800 մարդ։ Դրանից հետո Ucom–ն ընդունել է Orange–ի աշխատակիցներին, և ընկերությունում սկսել է աշխատել 1200 մարդ։ Այսօր այդ թիվը 1600–ի է հասել։