Կորոնավիրուսից ևս մեկ մարդ է մահացել. սա Հայաստանում մահվան 12–րդ դեպքն է

Տեղեկացնում են, որ մահացածը 81-ամյա քաղաքացի էր, ով ուներ ուղեկցող այլ ծանր հիվանդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի–Sputnik. Հայաստանում այսօր առավոտյան կորոնավիրուսից ևս մեկ մարդ է մահացել ։ Այս պահի դրությամբ ունենք հաստատաված 12 մահ։ Տեղեկությունն Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով` մահացածը 81-ամյա քաղաքացի էր, ով ուներ ուղեկցող այլ ծանր հիվանդություններ։

Քաշաթաղի բուժկենտրոնում մեկուսացված 2 քաղաքացիները ջերմություն ունեն

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 937-ի: Ապրիլի 10–ի դրությամբ բուժվել է 138 մարդ, փաստացի բուժվում են 777–ը, մահվան ելքերը 12–ն են։

«Մեր խնդիրն է մահերի թիվը և հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը ցածր պահելով՝ գնալ առաջ։ Մենք հիմա մեզ ավելի վստահ ենք զգում մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական օդափոխության սարքերի առումով»,-ասաց նախարար Թորոսյանը՝ հավելելով, որ մինչև Չինաստանից այս վերջին խմբաքանակը գնելն էլ խնդիր չկար, որովհետև 80 առանձին սարք առկա էր։

Նրա խոսքով, այնուամենայնիվ, մենք պետք է պատրաստված լինենք վատագույն սցենարին` թե՛ մահճակալային ֆոնդով, թե՛ հագեցվածությամբ, թ՛ե դեղերով, թե՛ այլ վայրերում՝ ոչ բժշկական բուժօգնություն մատուցելով։

«Բայց ամեն ինչ պետք է անել այդ սցենարին չհասնելու համար»,–նշեց Թորոսյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: