ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի- Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքն են բացահայտել։ ՊԵԿ լրատվական ծառայության հաղորդմամբ, բացահայտումն արվել է «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում՝ ԱՄՆ- ից ներմուծված առաքանու զննության ժամանակ:
«Հայտնաբերվել է 2.7 կգ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող, սուր հոտով դեղնականաչավուն զանգված՝ փաթեթավորված պոլիմերային փաթեթներով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:
Բագրատաշենի մաքսակետում կանխվել է 62 կգ արծաթանման զանգվածի ապօրինի ներմուծումը