«Մտածում ենք այդ ուղղությամբ». փոխվարչապետը` արտաքին պարտքի ավելացման մասին

Դեռ հայտնի չէ, թե որքանով կարող է ավելանալ ՀՀ արտաքին պարտքը, սակայն կառավարությունն արդեն մի քանի սցենար ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ կորոնավիրուսից բխող իրավիճակի հետ կապված Հայաստանի արտաքին պարտքը կարող է ավելանալ։ Գրիգորյանը նման կարծիք հայտնեց կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ` պատասխանելով հարցին, թե նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասել էր, որ անհրաժեշտ քայլերից էր նաև պետական պարտքի ավելացումը։

Ամերիկա չէ, բայց էլի վատ չէ. Հայաստանի պարտատոմսերը դրսում դիմակայում են կորոնավիրուսին

«Ես համաձայն եմ Գաբրիելյանի հետ ու չեմ բացառում, որ մեր արտաքին պարտքը կարող է ավելանալ։ Ավելին, որևէ խնդիր չեմ տեսնում պետական պարտքի ավելացման հետ կապված»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` այժմ մտածում են, այդ ուղղությամբ մի քանի սցենարներ կան։

Հարցին, թե արդյունքում որքանո՞վ կավելանա ՀՀ արտաքին պարտքը` Գրիգորյանը պատասխանեց, որ դեռ վաղ է թվեր հնչեցնել։ Նա նշեց` աշխարհում իրադարձություններն այնպես են ընթանում, որ որոշակի ժամանակ է պետք իրենց, որպեսզի ճիշտ քայլեր արվեն։

Ինչու են արտաքին պահուստները հասել ռեկորդային մակարդակի. ռիսկեր և սպառնալիքներ

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներով` 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար։ Սա ներառում է մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքը։ Տարվա ընթացքում այն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8 %-ով։