ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Գոհար Բեժանյանը, որը հանրությանը հայտնի դարձավ ամիսներ առաջ իր 12-րդ զավակին լույս աշխարհ բերելով, այժմ շատ ընտանիքների պես դժվարին կացության մեջ է հայտնվել։ Եթե ամիսներ առաջ այս ընտանիքի գլխավոր երազանքը սեփական տուն ունենալն էր, ապա այժմ վարձով բնակարանից չզրկվելու և օրվա հացի խնդիր ունեն։
Տասնյակ լրատվամիջոցներում հրապարակված նյութերից ու ռեպորտաժներից հետո Բեժանյաններին այցելեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Գոհար Բեժանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Աննա Հակոբյանի այցից հետո նրա կարգադրությամբ մուծվեց ընտանիքի մեկ ամսվա գազի վարձն ու երկու ամսվա տան վարձը։
Գոհարն օգնության համար շնորհակալ է տիկին Հակոբյանին, սակայն արտակարգ դրության պատճառով ընտանիքի հայրն այժմ աշխատանք չունի, իսկ մինչև մայիսի 10-ը պետք է հերթական անգամ մուծեն տան վարձը։ Դրանից բացի, տանը եղած սննդի պաշարն էլ է վերջանում։
«Այժմ մեր ամենամեծ խնդիրը տան վարձի գումարը ժամանակին տալն է, առանց այն էլ տունը հանված է վաճառքի, և ուշացնելու դեպքում կարող ենք դրսում հայտնել, իսկ դա ահավոր կլինի, քանի որ ամիսներ են պահանջվում վարձով տուն գտնելու համար։ Բնակարանների տերերը հենց լսում են` 12 երեխա ունենք, միանգամից լսափողն անջատում են»,-ասաց Գոհարը։
Նրա խոսքով` մի բարեգործական կազմակերպություն օգնում էր իրենց և ամեն ամիս առաջին անհրաժեշտության պարենային մթերք փոխանցում ընտանիքին (ալյուր, ձեթ, շաքարավազ, ոսպ, բրինձ, մակարոն, յուրաքանչյուրից` 1-2 կգ), բայց ապրիլին ասել են, որ օգնություն այլևս չի լինելու։
«Քանի որ մեր ընտանիքը նպաստառու է, այս օրերին պետությունից ոչ մի ֆինանսական աջակցություն չենք ստանա։ Մեր նպաստը կազմում է 100,000 դրամ, այսինքն` դա միայն տան վարձի գումարն է»,- սրտնեղեց կինը։
Գոհարի երեխաներից մեկն առողջական խնդիր ունի (մայրը չի ցանկանում այդ մասին մանրամասնել), և նրան ամեն օր հիգիենայի պարագաներ են անհրաժեշտ։
«Մենք կարող ենք հաց չգնել, բայց երեխայի համար անհրաժեշտ պարագաները չգնել չենք կարող, իսկ դա օրական 1600 դրամ է կազմում»,– ասաց կինը։
Կորոնավիրուսն ու «ռուսական» խոպանը․ հայերի ընտանիքները զրկվել են փողից
Գոհարը չի համարձակվում պարտքով գնումներ կատարել հարևանությամբ գտնվող մթերային խանութներից, լավ գիտի` պարտքը մարել չի կարող։
Նա դեռ մի քանի օր էլ կկարողանա ընտանիքի օրվա հացի խնդիրը լուծել, բայց վախենում է մտածել, թե մեկ շաբաթ հետո ինչ կլինի իրենց հետ։
Եթե նախկինում երեխաները շաբաթական գոնե մի կտոր միս էին ուտում, ապա այժմ զրկված են այդ «ճոխությունից»։
Նշենք, որ բազմազավակ ընտանիքների համար ամսական ֆիքսված գումար պետությունը չունի։ Բեժանյանները սոցիալական նպաստ են ստանում։
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված վիճակից ելնելով` կառավարությունը որոշել է, որ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող այն ընտանիքները, որոնցում ծնողները 2020թ-ի մարտի 12-ից մինչև մարտի 31-ը գրանցված աշխատանք չեն ունեցել, նպաստառու չեն եղել, չեն ունեցել ԱՁ, յուրաքանչյուր երեխայի համար միանվագ 26 500 դրամ աջակցություն կստանան: Իսկ բազմազավակ ընտանիքները ստիպված են բավարարվել սոցիալական նպաստով։
Հակաճգնաժամային ծրագրերի որոշ շահառուներ արդեն կարող են գումար ստանալ. որ խմբերն են դրանք