Եթե ինքնամեկուսացածը լքում է մեկուսացման վայրը, ոստիկանությունն ազդանշան է ստանում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը պատմել է, թե ինչպես են պարզում կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածների շրջանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik․ Եթե տանն ինքնամեկուսացման հրահանգ ստացած անձը լքում է մեկուսացման վայրը, ավտոմատ համակարգը հաղորդագրություն է ուղարկում ոստիկանություն։ Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։

«Անձի գտնվելու վայրի մասին մենք ինֆորմացիա ենք ստանում բջջային օպերատորներից, ինչպես նաև տվյալ անձի տեղաշարժման կոորդինատներն ենք ֆիքսում։ Երկու դեպքում էլ հաղորդագրություն է ուղարկվում ոստիկանություն»,–ասաց նա։

Բադալյանի խոսքով` բացի այդ, բջջային օպերատորների կողմից տրամադրված տվյալներն օգտագործվում են կորոնավիրուսով վարակվածների հետ շփում ունեցող անձանց գտնելու համար։ Դրանք համակարգվում են ու մշակվում «Էկենգ» սերվերում և հասանելի են միայն այդ համակարգով աշխատողների համար։ Այդ տվյալները համադրվում են բժշիկների կողմից կորոնավիրուսով վարակվածի հետ իրականացված հարցազրույցներին, և հետո բժիշկները լրացուցիչ հարցազրույց են անում։

Եվս մեկ շաբաթ ինքնամեկուսացում, ու պարետը հույս ունի` ՀՀ-ն կվերադառնա բնականոն կյանքին

«Անում ենք հնարավորն ու անհնարինը»․ Տիգրան Ավինյանը կոչով դիմել է քաղաքացիներին. տեսանյութ

Պարետի խորհրդականը նշեց` կորոնավիրուսով վարակվածներին հայտնաբերելուց հետո նրանց ինքնամեկուսացնում են, այնուհետև առողջական վիճակի մասին հաղորդագրություն են ուղարկում ինքնամեկուսացած անձանց, ու նրանք պատասխանում են դրանց` կից նաև լուսանկար ուղարկելով, որպեսզի հավաստի լինի, որ պատասխանողը նա է, ով պետք է։ Այդ ընթացքում բջջային օպերատորների միջոցով հավաքագրվում է տեղեկություն նրանց մեկուսացման վայրի մասին, որպեսզի պարզեն՝ չե՞ն լքել արդյոք մեկուսացման վայրը։ Օրվա ընթացքում ինքնամեկուսացած անձինք մի քանի անգամ են նման հաղորդագրություն ստանում։

Բադալյանը հայտնեց` ինքնամեկուսացած անձը վարչական տույժի է ենթարկվում, եթե լքում է ինքնամեկուսացման վայրը։ Իսկ եթե մի քանի անգամ է նման քայլի գնում, ապա կարող են նրան մեկուսացման վայր տեղափոխել։

Իսկ եթե անձը չունի համապաասխան հնարավորություններով սմարթֆոն, ապա բժիշկներն օրական մի քանի անգամ զանգահարում են նրան ու այդ ձևով ճշտում նրա առողջական վիճակի, ինքնամեկուսացման վայրի մասին ինֆորմացիան։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածերի թիվը 881 է:

Հայաստանում 9-րդ մարդն է մահացել կորոնավիրուսից. դեպքը գրանցվել է Արտաշատի հիվանդանոցում