ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հակոբ Ճաղարյանը, որն այսօր ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից, մամուլից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից ներկայացրած հրաժարականի պահանջը:
«Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Ճաղարյանը նշել է, որ ապրիլի 4-ին վարչապետին գրել է իր վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել է հայկական քաղավիացիայի իրական իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման։
«Հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները և նշել այս ճգնաժամից դուրս գալու ուղիները։ Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը: Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը»,– գրել է նա:
Ճաղարյանի խոսքով` հրաժարականի պաշտոնական գրավոր դիմումը ներկայացրել է երկուշաբթի` ապրիլի 6-ին:
«Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից»,– շեշտել է նա:
Ճաղարյանը որոշել է առաջիկայում ասուլիս հրավիրել և պարզաբանել մանրամասները։
Հիշեցնենք, որ Ճաղարյանը մասնագիտությամբ օդաչու է, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիրը, վարչապետի խորհրդական էր նշանակվել 2019 թվականի մարտի 19-ին։
Նշենք, որ վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն է։
Օրերս ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Միջազգային ավիացիոն գործակալությունը փետրվարին իրականացրած ստուգումներից հետո Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեին զրկել է լիցենզիայից։ Կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց, որ իրենց որևէ լիցենզիայից չեն զրկել։ Նա ասաց, որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից երկուսին են ժամանակավորապես զրկել Եվրոպայի ուղղությամբ չվերթեր իրականացնելու թույլտվությունից, բայց դա չի նշանակում, որ նրանք այլ ուղղություններով չվերթեր իրականացնել չեն կարող։