COVID-19. ի՞նչ տեխնիկա են ռուս մասնագետները բերել Հայաստան․ տեսանյութ

Հայաստան ժամանեց ռազմական մասնագետների առաջին խումբը, որի անդամները հայ գործընկերներին կաջակցեն կորոնավիրուսի դեմ պայքարի հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման գործում:
Sputnik

Ռուսական երկու Իլ-76-ները երեկ` ապրիլի 7-ին, Երևան հասցրին ռուս մասնագետներին։ Մասնագետներն իրենց հետ բերել են COVID-19–ի հետազոտություններ կատարելու հնարավորություն ունեցող շարժական լաբորատորիա և ախտահանման համակարգ։

Ռուսական ընկերությունը կորոնավիրուսի հայտնաբերման նոր տիպի թեստ է մշակում

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Տիգրան Ավետիսյանը հայտնեց, որ ինքնաթիռները ժամանել են հայ-ռուսական ռազմական համագործակցության շրջանակում ու պաշտպանության նախարարների նախաձեռնությամբ։

Կենսաբանական անվտանգության մասնագետների խմբում համաճարակաբաններ ու վարակաբաններ են ընդգրկված։

«Հակահամաճարակային ակտիվ գործողությունների շրջանակում ՀՀ ԶՈւ-ում և Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում Covid-19-ի տարածման դեմ ուղղված միջոցառումներ կանցկացվեն»,-ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ այս տեխնիկան թույլ կտա արագ տեղաշարժվել, հայտնվել ցանկացած վայրում և օրական մոտ 100 թեստավորում իրականացնել։

ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի փոխգնդապետ Ալեքսեյ Սուսլոպարովն էլ իր հերթին նշեց, որ Հայաստան եկած մոդուլը թույլ է տալիս սեղմ ժամկետում և ճշգրիտ թեստավորում անել։

«Սա ամենանոր տեխնիկան է, կիրառվում է Իտալիայում, Սերբիայում և արդեն կկիրառվի նաև  Հայաստանում։ Օգտագործվել է ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումների ժամանակ ու շատ է օգնել դրանց վերացման գործում», - ասաց Սուսլոպարովը։

Ըստ նրա՝ անձնակազմը հուսալիորեն պաշտպանված է։ Կարելի է ասել, որ նրանց վարակվելու ռիսկը բացառված է։

Սուսլոպարովը հուսով է, որ հայկական ու ռուսական կողմերի համատեղ ջանքերով կհաջողվի կանխել կորոնավիրուսի տարածումը։

Նշենք, որ մոդուլը կարող է 45 օր ինքնուրույն աշխատել` առանց միջամտության։