ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի Sputnik. Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքն առաջիկայում կարող է դուրս գալ միջազգային շուկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Դա գերժամանակակից արտադրանք է: Նման ներուժ Հայաստանում կա, և այն ամբողջությամբ նախագծվել է Հայաստանում: Արտաքին շուկաներ դուրս գալու տեսանկյունից մենք ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մեջ նման բլոկ ունենք ու հիմա գործիքներ ենք մշակում»,- ասաց Արշակյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջիկա նիստում մշակված տարբերակները կներկայացվեն նաև վարչապետին:
Նախարարը հույս հայտնեց, որ Հայաստանն առաջիկայում կկարողանա իր արտադրանքով ներկայանալ արտերկրում:
Հիշեցնենք ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե որ փուլում է գտնվում ռազմարդյունաբերության համալիրի կառուցումը, ասել էր, որ ընդամենը 3 օր առաջ սեփական աչքերով անհավատալի մի բան է տեսել:
Հայաստանը պայմանագրեր է կնքել ՌԴ-ից զենքի մատակարարման վերաբերյալ. Տոնոյան
«Ես ուզում եմ ձեզ ակնարկել մի նորության մասին, որն իրականում գաղտիք է։ Բնականաբար, ամբողջական չեմ կարող ասել, սակայն նշեմ, որ մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալրի արտադրանքի մի նմուշ, որը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակում է։ Այդ նմուշը ոչ միայն գերժամանակակից է, այլև զրոյից հավաքվել է Հայաստանում»,-ասել էր Փաշինյանը։
Նրա խոսքով՝ միայն այդ արտադրանքի գոյությունը վկայում է, որ ունենք պրոֆեսիոնալներ, որոնք կարող են զրոյից ռազմական նշանակության արտադրանք թողարկել։
Դեռ 2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մեր երկրի կարևորագույն անելիքը ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն է: Նա խնդրի լուծումը կապում էր Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու իր տեսլականի, ինչպես նաև Հայաստանում ինժեներական և տեխնիկական գիտական միտքը զարգացնելու հրամայականի հետ։