Ինչու Ճապոնիայում արտակարգ դրություն չէր հայտարարվում. ինչ են ասում չար լեզուները

Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ է, որ մինչև այսօր արտակարգ դրություն չէր հայտարարվել Ճապոնիայում։ Ախր այդ երկիրն այնքան մոտ է Չինաստանին և այնքան սերտ տնտեսական կապեր ունի նրա հետ։
Sputnik
Ինչու Ճապոնիայում արտակարգ դրություն չէր հայտարարվում. ինչ են ասում չար լեզուները

Հետո էլ հայտնի է, որ աշխարհով մեկ տարածված վիրուսը առաջին հերթին վտանգ է ներկայացնում տարեցների համար, իսկ Ճապոնիան, կարելի է ասել, հենց տարեցների երկիր է։ Ընդամենը մի քանի թիվ բերեմ։ Կյանքի միջին տևողությունն այդ երկրում կազմում է 84 տարի։ Եթե Մեծ Բրիտանիայում 100 տարին հատելը այնքան հազվադեպ երևույթ է, որ թագուհի Եղիսաբեթ երկրորդը անձամբ է շնորհավորական բացիկ ուղարկում նման մարդկանց, ապա Ճապոնիայում հենց հիմա ապրում է 50 հազար մարդ, որոնց տարիքը 100-ից բարձր է։ Իսկ 2100 թվականին Տոկիոյի 65-ն անց բնակիչների թիվը կհասնի աշխատունակ, այսինքն 15-ից մինչև 65 տարեկան բնակիչների թվին։

Բնակչության կեսից ավելին պետք է հիվանդանա և իմունային պատնեշ ստեղծի. հոլանդական մոտեցում

Մյուս կողմից, մասնագետները փաստում են, որ ճապոնացիների կենսակերպը, կացութաձևն ու դարավոր ավանդույթները բնական պատնեշ են վիրուսի տարածման ճանապարհին։ Նախ, ճապոնացիները մաքրասեր են։ Երևի տեսած կլինեք այն կադրերը, երբ մարզական միջազգային մեծ միջոցառումներից հետո հանդիսատեսների գերակշիռ մասն անհոգ հեռանում է մարզադաշտից, իսկ ճապոնացի մարզասերները սկսում են հավաքել տրիբունաներում կուտակված աղբը։

Դավադրությունների տեսություն, կամ ինչ են իշխանությունները թաքցնում ժողովրդից

Ճապոնիայում մաքրասիրությունը երեխաների դաստիարակության անքակտելի մասն է։ Դպրոցում պարտադիր հերթապահություն է սահմանվում, և այս կամ այն դասարանը դասերից հետո մաքրում է ամեն ինչ՝ դասասենյակներից մինչև ճաշարանն ու զուգարանը։ Ի դեպ, շատերն են նկատել, որ Ճապոնիա ժամանած զբոսաշրջիկներին այնքան է զարմացնում տարբեր քաղաքների զուգարանների կատարյալ մաքրությունը, որ նրանք փոխանակ Facebook-ում տեղադրեն տեսարժան վայրերի լուսանկարները, զուգարանների լուսանկարներն են տեղադրում։ 

Կա նաև այսպիսի հանգամանք։ Մինչև այս համաճարակը Երևանում, ասենք, տարին մի անգամ կարող էիր փողոցում հանդիպել որևէ մարդու, որը դիմակ կրեր։ Եթե հանդիպեիր էլ, այդ մարդը հաստատ զբոսաշրջիկ էր լինելու։ Ավելին՝ մենք մինչև հիմա փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք դիմակ կրելը օգտակար է, որովհետև, հիշում եք երևի, սկզբից պատասխանատու պաշտոնյաները մեզ ասում էին, որ դիմակ կրելը այնքան էլ մեծ օգուտ չի տալիս, հիմա նույն այդ պատասխանատու պաշտոնյաները ճիշտ հակառակն են պնդում։

Ի՞նչ արդյունք կտա Շվեդիայի համաճարակային էքսպերիմենտը

Իսկ Ճապոնիայում դիմակ կրելու մշակույթը միշտ էլ եղել է։

Եվ վերջապես։ Մենք միմյանց հանդիպելիս ի՞նչ էինք անում, համենայնդեպս մինչև այս վարակի տարածումը։ Գրկում ու համբուրում էինք։ Հանուն արդարության խոստովանենք, որ դա զուտ հայկական սովորություն չէ՝ Եվրոպայի հարավում ապրողներն էլ էին նույնը անում։ Իսկ ճապոնացիները հանդիպելիս իսկի միմյանց ձեռքը չեն սեղմում։ Ընդամենը գլուխ են խոնարհում միմյանց առջև։ Դա իսկական արվեստ է։ Այո, այո, համացանցում կարող եք մանրամասն ուղեցույցներ գտնել, որոնք պատմում են, թե ում հետ հանդիպելիս որքան պիտի խոնարհես գլուխդ։ 

Շվեդիայի վարչապետի սպանությունն իր վրա է վերցրել 130 մարդ

Առաջին հայացքից կարող է թվալ, թե հենց այս ամենն է նպաստել, որ վիրուսը այնքան էլ մեծ տարածում չի գտել Ճապոնիայում։ Համենայնդեպս, թվերն այնքան ահավոր չեն, որքան Ամերիկայում, Իսպանիայում և Իտալիայում։ Վերջին տվյալների համաձայն՝ Ճապոնիայում վարակվածների թիվը չի անցնում 5000-ից, իսկ մահացածների թիվը չի գերազանցում հարյուրը։ Սակայն մասնագետները պնդում են՝ իրական պատկերը կարող է շատ ավելի անմխիթար լինել։ Ինչո՞ւ։ Որովհետև թեստավորումների քանակն է անբավարար։ Համեմատեք՝ Ճապոնիայում թեստավորում է անցել ընդամենը 30 հազար մարդ, այնինչ Հարավային Կորեայում՝ ավելի քան տասն անգամ ավելի՝ 400 հազար մարդ։ 

Ի՞նչն է պատճառը, որ Ճապոնիայում մինչև հիմա կտրուկ միջոցներ չէին ձեռնարկվում, և միայն այսօր արտակարգ դրություն հայտարարվեց, այն էլ՝ ոչ երկրի ողջ տարածքում։ Չար լեզուները պնդում են՝ պատճառը Համաշխարհային օլիմպիադան էր։ Ճապոնիայի իշխանությունները մինչև վերջին պահը փորձել են աշխարհին համոզել, որ իրենց մոտ, ինչպես ասում են, ամեն ինչ կարգին է։ Իշխանություններն, իհարկե, հերքում են այդ մեղադրանքները։

Ճնճղուկ մի՛ սպանեք. թե ինչ եղավ հետո, երբ ընկեր Մաոյին համոզեցին, որ նա հանճարեղ է