ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik, Կարինե Հարությունյան. Արտակարգ դրության պայմաններում պետությունը մի շարք մարդկանց աջակցելու ծրագրեր է մշակել, սակայն սոցիալական խմբեր էլ կան, որ դուրս են մնացել այդ ծրագրերից։ Օրինակ` պետությունը մի կողմից աջակցություն է տրամադրում գրանցված այն աշխատողներին, որոնք տուժած ոլորտի (տուրիզմ, վարսավիրանոցներ և այլն) ներկայացուցիչ են համարվում, մյուս կողմից` չգրանցված աշխատողները որևէ աջակցություն չեն ստանում։ Որքանո՞վ է այս կամ այն խմբին տրամադրվող աջակցությունը բավարար, կամ ո՞ր խմբերն էլ պետք է ընդգրկվեին սոցաջակցության ծրագրերում. Sputnik Արմենիան այս թեմայով զրուցել է տնտեսագետների հետ։
ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ արտակարգ դրության պայմաններում կառավարության իրականացրած սոցիալական ծրագրերը համարժեք չեն իրավիճակին։
«Պետությունն իր սոցիալական ծրագրերով պետք է աջակցի գործատուներին, որպեսզի նրանք զանգվածային կրճատումների չգնան։ Բացի այդ, պետությունն աշխատողներին, որոնք այսօր անգործ են մնացել, պետք է մինիմալ աջակցություն ցուցաբերի։ Կարծում եմ` երկու դեպքում էլ պետությունը չի կատարել իր պարտավորությունները»,– ասաց Ավետիսյանը։
Ավագ սերնդի միայնակ արվեստագետներն անտեսված չեն. նրանց համար խանութ են գնում, դեղ առնում
Նրա խոսքով` եթե աշխատանքից ազատված անձին պետությունն առաջարկում է միայն միանվագ գումար` երկու անձի նվազագույն անհրաժեշտ կենսապահովման զամբյուղին համարժեք (68-136 000 դրամ), խնդիրը չի լուծվում։ Ավետիսյանն ասում է` միջին 4–հոգանոց ընտանիքը պետության առաջարկած գումարով նույնիսկ 1 ամիս չի կարող գոյատևել։
Անդրադառնալով պետության կողմից գործատուներին առաջարկվող աջակցությանը` արտոնյալ պայմաններով վարկերին` տնտեսագետը նշեց, որ արտոնյալ վարկը փոխատվական` պարտքով տրվող միջոց է, որը մի օր պետք է տնտեսվարողը մարի։
«Եթե մի պարագայում պետական որոշումներով տվյալ տնտեսվարողի գործունեությունը դադարեցվում է անորոշ ժամկետով, մյուս կողմից` նա ենթակա է հարկման, ապա նրան արտոնյալ վարկ առաջարկելը բավարար միջոց չէ։ Սոցիալական այսօրվա խնդիրներն այնքան խորքային են, որ թողնել այդ ամենը գործատուների ուսերին, նույնն է` խնդիրներն ուղղակի չլուծել»,–ասաց Ավետիսյանը։
Նրա կարծիքով` եթե պետությունն իրոք շահագրգռված է, որ մեր հիմնական տնտեսական` հանգստի, տուրիզմի, սննդի ոլորտներում զանգվածային ազատումներ չունենանք, պետք է շոշափելի պետական աջակցություն ցուցաբերվի հենց գործատուներին. պետությունը պետք է թեթևացնի գործատուների բեռը։
Տնտեսագետ Գոռ Ծառուկյանը, սակայն, այլ կարծիք ունի. նրա խոսքով` պետք է խոսել ոչ թե պետության կողմից տրվող գումարի չափի և ծրագրերի` երկարաժամկետ լինելու մասին, այլ արդյո՞ք բոլոր շերտերն են ներգրավված դրանցում։
Ծառուկյանը նշեց` սոցաջակցության ծրագրերից դուրս են մնացել նպաստառուները, չգրանցված աշխատողները... Մյուս կողմից, կառավարությունը և պաշտոնյաները քանիցս հայտարարել են`առկա սոցաջակցության ծրագրերն այսքանով չեն սահմանափակվելու, այսինքն` գործող ծրագրերից դուրս մնացածները դեռ կարողանալու են օգտվել այլ ծրագրերից։
«Հնչող կարծիքները, թե ինչո՞ւ է պետությունը մեկ ամսվա աջակցություն տրամադրում մարդկանց, լուրջ չեն, քանի որ դեռ հայտնի չէ` ինչքան է տևելու այս իրավիճակը։ Գուցե 1 կամ 2 շաբաթից արտակարգ դրությունը վերանում է, և կարիք չի լինում երկարաժամկետ օգնության։ Պետությունը մարդկանց ծախսերը հաշվարկել է և որոշել` անհրաժեշտ է փոխհատուցել այս ձևաչափով` միանվագ, քանի որ դեռ հայտնի չէ` որքան է տևելու արտակարգ դրությունը»,–ասաց Ծառուկյանը։
Նրա խոսքով` եթե արտակարգ դրությունը երկարի, ո՞վ ասաց, որ չի շարունակվելու օգնության տրամադրումը։ Արտակարգ իրավիճակում, ըստ տնտեսագետի, որոշումները կարճաժամկետ բնույթ են կրում, և դրանք արագ թարմացող են։ Այժմ պետությունը մարդկանց աջակցում է այնքան, որքան նպատակահարմար է համարում։
Ծառուկյանը նշեց` եթե պետությունը սկսի անընդհատ դոտացիաներով պահել մարդկանց, գալու է մի պահ, որ պետության միջոցները սպառվելու են։ «Ի՞նչ լուծումներ են առաջարկվելու այդ ժամանակ` փո՞ղ տպել»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ կառավարությունը մի շարք սոցիալական ծրագրեր է մշակել, որոնց միջոցով կարող են աջակցություն ստանալ չաշխատող կամ աշխատանքը կորցրած ամուսին ունեցող հղիները, մարտի 13-30–ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվածները և այլն։
Ի՞նչ տարբերություն` վիրուսից կմեռնենք, թե սովից․ բազմազավակ մոր խնդիրներն ու կորոնավիրուսը