Օրվա կադր. ի՞նչ նվեր է ուզում ստանալ Գեղեցիկը. Մայրության տոնի ամենահուզիչ լուսանկարը

Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցի աչքից չի վրիպել կորոնավիրուսի համավարակի պատճառով գերծանարաբեռնված գրաֆիկով աշխատող բուժքույրերից մեկը։
Sputnik

Հայաստանում կանանց միամսյակը համընկավ կորոնավիրուսի տարածման հետ։ Եթե նախորդ տարիներին ծաղիկներով կանայք էին շրջում փողոցներում, ապա այս տարի ծաղկեփնջերը փոխարինվել են դիմակներով։ Կանանց միամսյակը ծանր էր հատկապես կին բուժաշխատողների համար. նրանք աշխատում են լարված գրաֆիկով, իսկ ոմանք պարզապես զրկված են տուն գնալու հնարավորությունից, քանի որ կարող են վարակել հարազատներին։

Արամ Խաչատրյանն ու կորոնավիրուսը. կամավորներն ու բուժաշխատողները պարում են տանիքում

Sputnik Արմենիայի օբյեկտիվում է հայտնվել շտապօգնության ծառայության բուժքույրերից մեկը, անունը` Գեղեցիկ։

Նա նստել էր մեքենայում և սպասում էր, թե երբ գործընկերները կբերեն հերթական հիվանդին, որպեսզի նրան մի բուժկենտրոնից մյուսը տեղափոխեն։

«30 տարի է` բուժքույր եմ, բայց սենց տարօրինակ միամսյակ դեռ չի եղել։ Տոնը դեռ չենք նշել, գործը շատ է, դրա մասին չենք էլ մտածել։ Լավ կլիներ` հիվանդներն առողջանան, ու դա էլ մեր ամենալավ նվերը կլիներ»,– ասաց բուժքույրը։

Գեղեցիկը խոստովանեց, որ իրեն շատ է դուր եկել դեղին համազգեստը, դեմ չէ այն հագնել համաճարակից հետո։ Ասում է` ոչ միայն գեղեցիկ է, այլև անվտանգ։ Բայց համավարակից հետո հաստատ կհրաժարվի դեղին ակնոցից, քանի որ սիրում է կյանքին նայել առանց դրա։

Նա համոզված է, որ այս ամենը շուտով կավարտվի, և մարդիկ ավելի շատ կգնահատեն մտերիմներին։

Ապրիլի 7-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 853–ի։ 87 մարդ է ապաքինվել, 8–ը՝ մահացել։