Դեպքի վայրում հայտնաբերվել է 8 պարկուճ. մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից

Երևանի Եղբայրության փողոցում՝ շենքերի բանուկ հատվածում, փորձել են մարդ սպանել: Հարուցվել է քրեական գործ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն երեկ երեկոյան Երևանի Շենգավիթ համայնքում հնչած կրակոցների դեպքով նոր մանրամասներ է հաղորդել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկոյան Շենգավիթում հնչած կրակոցների հետևանքով վիրավորվածի վիճակը ծայրահեղ ծանր է։

Կրակոցներ Երևանում․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է

«Ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-ին, «Աստղիկ» ԲԿ–ից ահազանգ է ստացվել, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը: Պարզվել է, որ 35-ամյա տղամարդը վնասվածքը ստացել է Երևանի Եղբայրության փողոցում՝ շենքերի բանուկ հատվածում, որտեղ մեկ անձ, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Սակայն կրակողն իր կամքից անկախ հանգամանքերում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել՝ դիմել է փախուստի:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 8 հատ 9 մմ տրամաչափի հրազենից կրակոց արձակելու համար նախատեսված պարկուճ և 3 հատ գնդակ: 

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Անձնական վեճ, խմբակային «ռազբորկա». Գլաձորում կրակոցներ են հնչել