Հայաստանն ինքնաթիռ է ուղարկել Չինաստան՝ բժշկական սարքավորումներ ու թեստեր բերելու

Հատուկ չվերթով Հայաստան կբերվեն երկրում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարելու միջոցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանն ինքնաթիռ է ուղարկել Չինաստան՝ այդ երկրից գնած թոքերի արհեստական շնչառության սարքեր ու կորոնավիրուսի տասնյակ հազարավոր թեստեր բերելու համար։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են պարետատանը։

Մարտի 31-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես՝ ձեռք են բերելու 100 շնչառական ապարատ, 60 հազար թեստ, նաև բժշկական այլ պարագաներ՝ դիմակներ, բժշկական հատուկ հագուստ, ակնոցներ։

«Ինքնաթիռն այսօր է մեկնել, կվերադառնա վաղը կամ վաղը չէ մյուս օրը։ Այն կբերի Չինաստանից գնված բժշկական սարքավորումներն ու պարագաները», - նշեցին պարետատանը։

Հենց այս չվերթով են Հայաստան բերվելու Թորոսյանի նշած 100 շնչառական ապարատը, 60 հազար թեստը, նաև  դիմակները, բժշկական հատուկ հագուստը, ակնոցները։

Ռուսաստանը մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռ կուղարկի Հայաստան

Աշխարհում COVID-19–ով վարակվածների ընդհանուր թիվն անցավ 1.3 մլն–ից

Հիշեցնենք՝ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 853 մարդ։ Վտանգավոր վարակից բուժվել է 87 մարդ, մահացել՝ 8-ը։

Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում արտակարգ դրություն է հայտարարվել։  Ապրիլի 1-ից արտակարգ դրության ավելի խիստ միջոցներ են կիրառվում։

Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում արգելվել են հանրային միջոցառումները, փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Օտարերկրացիների մուտքը ՀՀ արգելվում է. ո՞ւմ չի վերաբերում որոշումը