ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի –Sputnik. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները 2 կալանավորի և 1 դատապարտյալի տարել են այլ բանտախուց` հիմնարկում քրեական հեղինակության կարգավիճակով երկու այլ դատապարտյալների հետ հարցերը կարգավորելու նպատակով: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
«ՔԿՀ ծառայողները 2020–ի ապրիլի 2-ին` ժամը 20։00-ի սահմաններում, տարբեր մասնաշենքերում պահվող 2 կալանավորի և 1 դատապարտյալի դուրս են բերել խցերից և ուղեկցել մեկ այլ խուց։ Այդ խցում քրեական աստիճանակարգության կարգավիճակ պահպանող Ս.Դ.-ն և Դ.Հ.-ն քրեական ենթամշակույթ կրողների կողմից սահմանված վարքագծի կանոնների պահպանման շուրջ ծագած վեճը լուծելու նպատակով 15 րոպե վիճել և պարզաբանումներ են կատարել նրանց հետ` բարձրաձայն հնչեցնելով հայհոյանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԱԱԾ–ն դուրս է եկել «օրենքով գողերի» դեմ․ պատվիրել էին սպանել «Բոդոլին». «Ժողովուրդ»
Դեպքի առթիվ «Վանաձոր» ՔԿՀ–ում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 223.1-րդ հոդվածի 1-ին մասի և 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հարուցվել է քրեական գործ։ Այն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Եվս մեկ նման դեպք է բացահայտվել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
2020 թվականի ապրիլի 2-ին` ժամը 13։30-ի սահմաններում, ՔԿՀ–ի օպերատիվ բաժնի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել ինքնազգացողության վատթարացման պատճառաբանությամբ հիմնարկից դուրս գալու փորձ կատարող անվտանգության ապահովման բաժնի մասնագետին։ Նրա մոտ բացակայել է մինչ այդ հիմնարկ մտցված բջջային հեռախոսը։ Պարզվել է, որ ծառայողը արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը փոխանցել է նույն հիմնարկի կալանավոր Ղ.Մ.-ին:
Դեպքի առթիվ ապրիլի 3-ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հարուցվել է քրգործ, որը ևս ուղարկվել է ՀՔԾ։
Հիշեցնենք, որ հունվարի 22–ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական «օրենքով գողերի» ու «քրեական հեղինակությունների» մասին օրենքի նախագիծը։
Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Հաստատված նոր օրենքով` քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է հինգից տասը տարվա ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
ՔԿԾ պետը պատմեց` ինչ «օյիններ» են արել «օրենքով գողերի» դեմ օրենքից դժգոհ դատապարտյալները