«Մահացած երգչուհու թեմայի վերաբերյալ հարցերին չեմ պատասխանելու»․ Ալինա Նիկողոսյան

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի պատասխանատուն հրաժարվում է մանրամասներ ներկայացնել մահացած օպերային երգչուհի Աննա Սարդարյանի դեպքի վերաբերյալ` շեշտելով, որ երգչուհու ընտանիքն այս հարցում համամիտ է իր հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի պատասխանատու Ալինա Նիկողոսյանն օպերային երգչուհի Աննա Սարդարյանի մահվան մանրամասների վերաբերյալ հարցումներին չի պատասխանելու։

«Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման` հարգելով վերջինիս մահվան հանգամանքը, ինչպես նաև բժշկական և անձնական գաղտնիք ունենալու մարդու իրավունքը: Այս ընթացքում մի քանի անձ ներկայացել է ընտանիքի ծանոթ-բարեկամ և տարբեր սցենարներ փոխանցել` այդ թվում քրոջ վատառողջ լինելու մասին, ինչը պարզվեց, որ ևս իրականությանը չի համապատասխանում։ Առհասարակ թեմայի վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու, մանավանդ որ ընտանիքը նույնպես կիսում է այս տեսակետը»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ երգչուհու քրոջ վատառողջ լինելու մասին ապրիլի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնել էր Ալինա Նիկողոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան

Նա նշել էր, որ երգչուհու առողջական վիճակի հետ կապված կանչ էր գրանցվել շտապօգնության ծառայություն, բայց երգչուհին հրաժարվել էր հոսպիտալացումից:

Կանչով եկած բուժօգնության բրիգադին երգչուհին ասել էր, որ առավոտյան կդիմի հիվանդանոց, բայց առավոտյան արդեն մահը վրա էր հասել:

Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին մահացել էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի անդամ Աննա Սարդարյանը: Նա 50 տարեկան էր։

Երգչախմբի անդամները վերջին նրան հանդիպել էին մարտի 13-ին:

Աննա Սարդարյանը ծնվել է 1969թ.–ին Երևանում։ Մինչև օպերայի և բալետի թատրոնում աշխատելը Սարդարյանը երգել է Հայաստանի հանրային ռադիոյի կամերային երգչախմբում։