Գազի գնի բարձրացման խնդիրը լուծելու հարցում Փաշինյանն ակնկալում է Պուտինի միջամտությունը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գազի գնի բարձրացման թեմային։ Նա Պուտինին ասել է` հուսով է, որ այդ թեմայի շուրջ կգան ընդհանուր հայտարարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գազպրոմ Արմենիայի» գազի գնի բարձրացման հայտի շուրջ ակնկալում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունը։ Նա Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում անդրադարձավ ընկերության` գազի գնի բարձրացման հայտին։

«Այսօր ես զրուցել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և անդրադարձել նաև այս խնդրին։ Ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային վիճակը` ակնկալում եմ, որ այդ թեմայի շուրջ կգանք ընդհանուր հայտարարի ու ՌԴ նախագահը կմիջամտի, որպեսզի կարողանանք «Գազպրոմի» ներկայացրած հայտի հետ կապված որոշում կայացնել»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանի նախկին կառավարության համար գազի գինը մշտապես կամ հաճախ եղել է քաղաքական մանիպուլյացիաների առարկա։ Ըստ վարչապետի` որքան էլ տարօրինակ թվա, նախկին իշխանությունը գազի գինը քաղաքական նկատառումներով է օգտագործել` հաշվի չառնելով գազային համակարգի` զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը։ Գազի գնի հետ կապված ներկայիս վիճակը, ըստ նրա, նախորդ կառավարության անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանք է։

Ինչ է սպասվում Հայաստանին գազի գնի հարցում. փոխվարչապետը փակագծեր է բացում

Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից դիմել է «Գազպրոմին», որպեսզի վերանայեն գազի գինը` հաշվի առնելով համաշխարհային շուկայում դրա գնի նվազման միտումը։

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով։

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակում ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն։

Ընդ որում` Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն երկրորդ տարին է` չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139 հազար դրամ (հազար խորանարդ մետրի դիմաց) կամ մոտավորապես 290 դոլար:

«Գազպրոմ» ԲԲԸ–ի դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիային» է պատկանում Հայաստանի գազատրանսպորտային ցանցը և աշխատում է ՀՀ ՀԾԿՀ սահմանած կանոններով։