Ավինյանի նոր որոշումը. գործատուի տված տեղեկանքը փոփոխության է ենթարկվել

Տեղեկանքը, որը տալիս է գործատուն, փոփոխված տարբերակով ուժի մեջ կմտնի երկու օրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի- Sputnik. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ որոշակի փոփոխություններ են կատարվել գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքում։ Ըստ այդ որոշման՝ տեղեկանքում պետք է նշվի հարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ–ն, ինչպես նաև ընկերության հասցեն և հեռախոսահամարը։

Նշենք, որ նոր տարբերակն ուժի մեջ է մտնում ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին:

Պարետի նոր որոշմամբ՝ այսուհետև առողջ ապրելակերպի սիրահարները կարող են ֆիզիկական վարժություններ կատարել կամ հեծանվավարել միայն առավոտյան ժամերին՝ 6-10-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մարտի 16-ից ապրիլի 14–ը սահմանվել է արտակարգ դրություն։ 

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: 

Ապրիլի 6–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 833-ի։