Նյու Յորքում վագրի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. նրա այլ ցեղակիցներ չոր հազ ունեն

Կորոնավիրուսը կարող է փոխանցվել մարդուց կենդանուն։ Կենդանաբանական այգու աշխատակիցները համոզված են, որ իրենց կենդանիները վարակվել են մարդուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Կենդանաբանական այգու բնակիչ վագրի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին հայտնում է բնության պահպանության ընկերակցությունը։

Նադյա անունով 4-ամյա մալայան վագրի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։ Թեստավորման համար  առիթ է եղել կենդանաբանական այգու մի քանի բնակիչների մոտ արձանագրված առողջական խնդիրները։

Հնարավո՞ր է արդյոք COVID-19–ով վարակվել մոծակի խայթոցից. պարզաբանում է գիտնականը

Այգու աշխատակիցները նկատել են, որ ոչ միայն Նադյան, այլև նրա քույր Ազուլը, երկու ամուրյան վագրերն ու երեք աֆրիկյան առյուծները ևս չոր հազ հազ ու ախորժակի անկում ունեն ։

Թե ինչ զարգացում կարող է ունենալ  կորոնավիրուսը կենդանիների մետ, մասնագետները դժվարանում են ասել, քանի որ տարբեր կենդանիներ նույն հիվանդությունը կարող են տարբեր կերպ տանել։

Կենդանաբանական այգու աշխատակիցները վստահեցնում են, որ այգու մնացած կենդանիներն առողջ են, ուստի և համոզված են, որ վարակը վագրերին է փոխանցվել մարդկանցից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այլ վայրի կամ տնային կենդանիների մոտ վարակի առկայության դեպքերի մասին ոչինչ հայտնի չէ։

ԱՄՆ կենտրոնական հատվածի 4 կենդանաբանական այգիները մարտի 16-ից փակ են։

Նշենք, որ որոշ հետազոտությունների համաձայն, կորոնավիրուսը Չինաստանի Ուհան քաղաքում մարդկանց էր փոխանցվել  կենդանիներից։