Ինչու է դուրս բերվել Սուրբ Գեղարդը. ժանտախտին հաղթած սրբությունն ընդդեմ կորոնավիրուսի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս է հայտնել, որ հավատքով ու միասնությամբ հավատացյալներին կհաջողվի վերականգնել բնականոն կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը Մայրը Աթոռ Սուրբ Էջմիծնում այսօր Ծաղկազարդի Սուրբ Պատարագից հետո Անդաստանի օրհնության արարողություն կատարեց, որի ժամանակ Մայր Աթոռի պահոցից դուրս բերվեց նաև համաշխարհային սրբություն համարվող  քրիստոնեական մասունքներից մեկը` Սուրբ գեղարդը։ Գարեգին Երկրորդը Սուրբ գեղարդով օրհնեց  աշխարհի չորս կողմերը` առ Աստված աղոթ բարձրացնելով  ի հաղթահարումն աշխարհին պատուհասած կորոնավիրուսի համաճարակի։

«Նման բան մեր եկեղեցում դեռ չէր եղել». Ծաղկազարդին հավատացյալները մասնակցում են «վիրապից»

«Այս հոգեպարար տոնը նշում ենք Քրիստոսամուխ Սուրբ Գեղարդի աստվածային, հրաշագործ ու բուժիչ զորության հայցով` մեր ժողովրդի և համայն մարդկության համար»,– ասաց Գարեգին Երկրորդը։

Հավատացյալներին ուղղված իր խոսքում կաթողիկոսը նշեց, որ Սուրբ Գեղարդը պահոցից դուրս է բերվել  համայն աշխարհի ու մեր ժողովրդի առջև ծառացած համավարակի մտահոգությամբ ու հավատքով, և, որ համաճարակը հնարավոր կլինի հաղթահարել  նաև հավատքով ու համբերությամբ։

«Փորձության այս օրերը հաղթահարենք Աստծո շնորհով, օգնությամբ ու հաղթականությամբ։ Մենք հաստատ համոզումն ունենք, որ Տերն ազատելու է մեզ վշտերից և տառապանքներից, պարգևելու է ուժ և կորով, որ կարող լինենք միասնությամբ, համատեղ ջանքերով վերականգնել մեր բնականոն կյանքը», –  ընդգծեց Գարեգին Երկրորդը։

Նա նաև ցավ հայտնեց, որ Ավագ շաբաթվա նվիրական օրերին հավատացյալները զրկված են եկեղեցի այցելելու ու պատարագներին մասնակցելու հնարավորությունից։

Տեր Ասողիկ. «Հիտլերն էլ էր հավատում գեղարդի առասպելական ուժին»

«Մեր հայրական հորդորն է, որպեսզի աղոթեք տանը, ընթերցեք Ավետարանը, հատկապես` Ավագ շաբաթվա ընթերցվածքները»,– շեշտեց նա` ժողովրդին կոչ անելով խստագույնս հետևել պետական մարմինների ցուցումներին։

Կաթողիկոսը Սուրբ Գեղարդով օրհնեց նաև այս օրերին ապաքինման ու մեկուսացման մեջ գտնվող հավատացյալներին։

Ավանդության համաձայն` Սուրբ գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցել է Հիսուս Քրիստոսին խաչի վրա, և նրա արյունը հեղվել  ու սրբագործել է գեղարդը։

Առաջին դարից Գեղարդը պահվել է Հայոց աշխարհում։ Մինչև 13-րդ դար այն պահվել է Հայաստանի տարբեր վանքերում, իսկ 13-րդ դարից իվեր` Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Սբ. Գեղարդի,  վերակոչվել է Գեղարդավանք։

Գեղարդը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը. ուրիշ ի՞նչ մասունքներ է նվիրել և ստացել Հայ եկեղեցին

Եկեղեցական արարողությունն ուղիղ եթերում մեկնաբանող  Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը պատմեց Սուրբ Գեղարդին վերագրվող աստվածային կարողության մասին վկայող պատմական իրադարձությունների մասին, թե ինչպես է այն դարեր շարունակ մարդկությանն աջակցել տարատեսակ համավարակների դեմ պայքարում։

«Աստվածամուխ Սբ. Գեղարդը ժանտախտն ու այլ համավարակներ փարատելու նպատակով մի անի անգամ տարվել է Հայաստանի տարբեր քաղաքներ, իսկ 18-րդ դարի վերջին  վրաց Հերակլ  Երկրորդ և Գեորգի տասներկուերորդ թագավորների, ապա` 19-րդ դարի վերջին Ռուսական կայսրության կառավարիչների խնդրանքով Սուրբ Գեղարդն ուղարկվել է նաև Թիֆլիս։ Ինչպես վկայում են պատմական տեղեկույունները, Սբ. Գեղարդի օգնույամբ փարատվել է համաճարակը, և մարդիկ գտել են հոգու և մարմնի բժշկություն»,– ասաց Տեր Ասողիկը։

Հիշեցնենք`  Սուրբ Գեղարդը եկեղեցու պահոցից սովորաբար դուրս է բերվում տարվա մեջ մեկ անգամ` դեկտեմբերի 3-ին` Սուրբ գեղարդի ուխտի օրը։

Գեղարդի շուրջ կրքերը բորբոքվում են, կամ ինչու է Էջմիածնում իրարանցում առաջացել

Այս տարի, սակայն, Կաթողիկոսի կոնդակով որոշվել է այն դուրս բերել նաև Ծաղկազարդին։

Համարվում է, որ գեղարդին հպվելը ոչ միայն ուժ է տալիս, այլև տարբեր հիվանդություններ է բուժում։

Ըստ ավանդույթի` Սուրբ գեղարդը Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից մեկը՝ սուրբ Թադեոս առաքյալը: