Կորոնավիրուսով վարակվածներից ավելի քան 500-ը որևէ բուժում չեն ստանում. Փաշինյան

ՀՀ վարչապետը խոսել է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մասին` ներկայացնելով նաև ամբողջ աշխարհի վիճակագրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որևէ բուժում չեն ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունեն:

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան

«Այս պահի դրությամբ աշխարհում կա 1 մլն 119 հազար հաստատված դեպք, արձանագրվել է 59 245 մահ, և 229 338 մարդ առողջացել է: Հայաստանի Հանրապետությունում նույնպես շարունակվում են կորոնավիրուսի նոր դեպքերը: Այս պահի դրությամբ ունենք 770 դրական ախտորոշված դեպք, ցավոք սրտի, 7 մահ, 43 մարդ առողջացել է, և այս պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ, իհարկե այնքանով, որքանով այդ պրոցեսը համարվում է բուժման, որովհետև մեծամասնությունը` ավելի քան 500 մարդ, ըստ էության որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունի, բայց, այնուամենայնիվ, նրանք վարակակիրներ են, և նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել մինչև ապրիլի 14-ը: Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ: Հայաստանում չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 770–ի։