ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Գործարար Վադիմ Մելքումովի` Մոսկվայում գտնվող ռեստորանը տաք սնունդ է ապահովում Կոմունարկա ավանի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմին։ «Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, որ բժիշկներից ոմանց հերթապահությունը 24 ժամ է տևում, իսկ հիվանդանոցում 3-անգամյա սնունդ նախատեսված չէ։
«Մեր հաստատությունը ընթրիքի համար օրական մեկ ուտեստ է եփում՝ պաստա, ռավիոլի, պիցցա կամ ինչ-որ տաք ուտեստ։ Վերջերս նաև ռուսական խոհանոցի ուտեստներ էինք մատուցում։ Մեկ չափաբաժինը մոտավորապես 350 գրամ է։ Առաքիչները ուտելիքը հիվանդանոց են տանում։ Կամավորները վերցնում են ու փոխանցում բժիշկներին», - պարբերականի հետ զրույցում ասել է Ալեքսանդր Ռուսակը՝ իտալական ռեստորանի կառավարիչը։
Ռեստորանը բժիշկների համար օրական 35 չափաբաժին ուտեստ է պատրաստում։ Յուրաքանչյուր ընթրիքի արժեքը հասնում է 7500 ռուբլու։ Այս գումարի մի մասը կազմում են ուտեստների բաղադրիչները, մյուս մասը` անձնակազմի աշխատավարձը։ Ուտելիքի քանակը համաձայնեցվել է հիվանդանոցի հետ։
Պողո՜ս, քո ծնունդն է. բժիշկները շնորհավորում են մեկուսացված տղայի տարեդարձը. տեսանյութ
Մելքումովն էլ ասել է, որ ռեստորանի անձնակազմն ամեն օր փորձում է իտալական խոհանոցի նոր ուտեստներով ուրախացնել բժիշկներին։
«Բժիշկները մեզ շնորհակալություն են հայտնում Instagram-ի մեր էջում, նրանք հավանում են մեր ուտեստները։ Կամավորների միջոցով են շնորհակալություն հայտնում։ Մենք էլ մեր հերթին պատրաստվում ենք օգնել նրանց մինչև կարանտինի ավարտը, սա մեկ օրվա ակցիա չէ», - նշել է նա։
Գործարարը նշել է նաև, որ այժմ եկամուտ չկա։ Նույնիսկ առաքումը հիմա անում են ավելի շատ մարտական ոգին պահելու համար։ Ռեստորանում մեկ-երկու մարդ է աշխատում։ Նրա խոսքով՝ դժվար է դրդապատճառների մասին խոսել, սակայն աշխատակիցներն ամեն ինչ հասկանում են ու աշխատանքի գալիս։
COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 1,1 միլիոնը, Ռուսաստանում վարակման դեպքեր են գրանցվել 78 շրջաններում։
Ըստ ԱՀԿ–ի տվյալների՝ աշխարհում ավելի քան 60 հազար մարդ է մահացել վարակից։ Մահվան դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Իտալիայում՝ 14 681։
Հայ բժիշկները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ. տեսանյութ