«Ցավոք, չենք կարող պնդել, որ կարողացել ենք տեղորոշել բոլոր քաղաքացիներին». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության գործունեության երկու հիմնական ուղղությունները։ Նա առաջնահերթ է համարել կորոնավիրուսը հաղթահարելուց հետո նոր աշխատատեղեր ստեղծելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով Հայաստանում տիրող իրավիճակին`նշելով, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսն առաջացրել է տնտեսական և սոցիալական բարդություններ։

Ի՞նչ տարբերություն` վիրուսից կմեռնենք, թե սովից․ բազմազավակ մոր խնդիրներն ու կորոնավիրուսը

«Մենք ընդունել են հակաճգնաժամային 9 միջոցառումների փաթեթներ, որոնցից 5–ը կրում են սոցիալական աջակցության բնույթ, իսկ 4–ը` տնտեսական աջակցության։ Բայց մենք հասկանում ենք, որ այդ միջոցառումները համադարմանի նշանակություն չեն կարող ունենալ, ցավոք, չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել այն քաղաքացիներին, որոնք այս պայմաններում ունեն աջակցության կարիք։ Մենք կշարունակենք միջոցառումների մշակումը, քանի որ կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային շտաբի գործունեության»,–ասել է Փաշինյանը։

Նա առաջնահերթ է համարել կորոնավիրուսի համավարակից հետո նոր աշխատատեղերի ստեղծումը։

Փաշինյանի խոսքով` այսօր կառավարության գործունեությունը բաժանվել է երկու հիմնական մասի` պարետատան գործունեությունը, որի առաջ դրված է վարակի հետագա տարածումը կանխելու խնդիրը, և սոցիալական տնտեսական աջակցության միջոցառումների ձևակերպումը։

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կառավարության այս երկու գործունեության ուղղությունները լինեն արդյունավետ, որովհետև փոխկապակցված են իրար։ Այսօր կքննարկենք նաև վարկային ծրագրերի կատարման ընթացքը։ Այս պահի դրությամբ Հայաստանում կան 1 միլիարդ 300 միլիոն դոլարի վարկային միջոցներ, որոնք սպասում են իրենց ծախսմանը, և դրանք պետք է լինեն արդյունավետ»,– նշել է վարչապետը։

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել մինչև ապրիլի 14-ը: Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ: Հայաստանում չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 770–ի։