Զասը բանակցություններ է վարել ՀԱՊԿ–ի անդամ երկրների ԱԽ քարտուղարների հետ

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ համաճարակային իրավիճակի կտրուկ վատթարացման պարագայում համատեղ արձագանքման միջոցառումներ մշակելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik․ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցով հեռախոսային բանակցություններ է անցկացրել ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ։

Դիմելու դեպքում ՀԱՊԿ–ը կօգնի Հայաստանին. Զասը` Ադրբեջանի հետ սահմանի միջադեպերի մասին

Կազմակերպությունից հայտնում են, որ բանակցությունների ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել պետություններից յուրաքանչյուրում համաճարակաբանական իրավիճակի, ինչպես նաև կորոնավիրուսի տարածումը կանխելու և դրա հետևանքների նվազեցման նպատակով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ։

Նշվում է, որ բոլոր երկրերը, բացի Տաջիկստանից, մոտեցել են համաճարակի տարածման ցուցանիշերի պիկին, ընդ որում՝ իրավիճակն ամենուր բարդ է, բայց կառավարելի։

«Այսպիսի վերահսկողության արդյունավետությանը մենք հասել ենք ճիշտ ժամանակին սահմանափակող և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու արդյունքում, որոնք նախաձեռնեցին կառավարությունները, առողջապահական կառույցները, սանիտարահիգիենիկ և համաճարակային վերահսկողության և ՀԱՊԿ անդամ երկրների իրավասու մարմինները»,- նշել է Զասը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Տաջիկստանում մինչ օրս կորոնավիրուսով վարակվելու դեպք դեռ չի արձանագրվել։

ՌԴ-ից եկող տրանսֆերտները կնվազեն. կորոնավիրուսը վնասել է նաև արտագնա աշխատանքի մեկնողներին

Բանակցություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները` Արմեն Գրիգորյանը, Անդրեյ Ռավկովը, Ասետ Իսեկեշևը, Դամիր Սիգինբաևը, Նիկոլայ Պատրուշևը և Նասրուլո Մահմուդզոդան։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ իրենց պատասխանատվության տարածքում համաճարակային իրավիճակի կտրուկ վատթարացման պարագայում համատեղ արձագանքման միջոցառումներ մշակելու ուղղությամբ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը պետությունների կոչ է արել միավորվել վարակի դեմ ակտիվ պայքարի համար։