ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական ճգնաճաժամի պատճառով կնվազեն դեպի Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները։ Այսօր կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` հաստատելով ԿԲ–ի երեկ հրապարակած նույնաբովանդակ կանխատեսումը։
«Բնականաբար, նույն պատճառով նաև արտահանողներն են դժվարություններ կրում։ ԿԲ գնահատման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դա կոնկրետ իրավիճակային պահին տրված գնահատական է»,– ասաց Խաչատչրյանը։
Նախարարը, սակայն հույս հայտնեց, որ դժվարությունները հաղթահարելի են, և չնայած 2020թ–ի դժվարություններին, ՀՀ տնտեսական աճն ու ակտիվությունը հնարավոր կլինի վերականգնել։
Հիշեցնենք` Կենտրոնական բանկը վերանայել է այս տարվա ֆինանսատնտեսական կանխատեսումները: Պատճառը Հայաստանի և համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ունեցած հետևանքներն են։
ԿԲ նոր կանխատեսումներով տնտեսական աճն այս տարեվերջին նախկինում կանխատեսվածից շուրջ 7 անգամ պակաս կլինի՝ կազմելով ոչ թե 5.3, ինչպես սպասվում էր, այլ ընդամնեը՝ 0.7 տոկոս:
«Կորուստները լինելու են էական». Էկոնոմիկայի նախարար
ԿԲ հաշվետվության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ մասնավոր փոխանցումները կնվազեն 16-19 տոկոսով: