«Կորուստները լինելու են էական». Էկոնոմիկայի նախարար

Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է, թե ինչ տնտեսական կորուստներ է պատճառել կորոնավիրուսը Հայաստանի տնտեսությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի -  Sputnik. Կորոնավիրուսի տարածման ու Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով  հայաստանյան 1200 կազմակերչպություններ սահմանափակել  են իրենց գործունեության ծավալները։  Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը. կորոնավիրուսը 7 անգամ նվազեցրել է սպասումները

«Զգալի են կրճատման ծավալները։ Տարվա համար դեռևս շուտ է գնահատականներ տալը, որովհետև կախված է այն հանգամանքից, թե մենք որքան կկարողանանք կառավարելի դարձնել կորոնավիրուսի տարածման հետ կապված գործոնները կամ որքանով արագ կարող ենք ազատականացնել գործունեության այն տեսակները, որոնք ներկայում սահմանափակված են»,– ասաց նախարարը։

Այդուհանդերձ, Տիգրան Խաչատրյանը չհերքեց` կորուստները լինելու են էական։ Բայց, նրա հավաստմամբ, կառավարության համար այս պահին ավելի կարևոր է բնակչության առողջության պահպանումը։

«Մենք պետք է զգույշ լինենք, որ հնարավորինս քիչ տնտեսական վնասներ ունենանք, բայց պետք է ընդունենք այն միտքը, որ առանց էական վնասների չի լինելու»,– նշեց նա։

Որ տնտեսվարողներին ու ինչպես է աջակցելու կառավարությունը. մեկնաբանում են փոխնախարարները

Նախարարը նաև կարծիք հայտնեց, որ այն պահից, երբ այսօր չգործող կազմակերպությունները կկարողանան վերադառնալ իրենց սովորական աշխատանքին, կառավարությունը տվյալ իրավիճակին համապատասխան լուծումներ կառաջարկի դրանց աջակցելու համար, իսկ պահին դրանք առայժմ միայն միանվագ օգնությունների տեսքով են։