Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում այլևս մեկուսացվածներ չկան։ Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղեկությունը հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիները մեկուսացվել էին այս վարժարանում: Քաղաքացիների մեկուսացումից դուրս գալուց հետո վարժարանի տարածքը ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի անձնակազմը մանրակրկիտ ախտահանել է»,–գրել է նա։
Ստեփանյանը նշել է, որ քաղաքացիները մեկուսացումից դուրս են եկել, և նրանցից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Վարժարանի շենքն ախտահանվել ու սպասում է իր հիմնական բնակիչներին` վարժարանի սաներին։
Ապրիլի 14–ի առավոտյան այստեղ դասերը կսկսեն, սակայն ելք ու մուտքերի, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին արձակուրդ գնալու սահմանափակում կգործի։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը մահացել է. սա մահվան արդեն չորրորդ դեպքն էր։
ՀՀ մարզերում էլ են մարզասրահները վերածվելու հոսպիտալների. Թորոսյանը` ՄՀՀ–ի մասին