Կորոնավիրուսին հաջողվեց անել այն, ինչ նույնիսկ պատերազմը չէր արել. զրույց մեքենավարի հետ

Sputnik Արմենիայի հետ զրույցում Աշոտ Երեմյանը պատմում է, թե ինչ զգացողություններ է ունեցել մետրոյի աշխատանքը կասեցվելու հետ կապված և ինչ է անելու կարանտինի ժամանակ։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Ապրիլի 1-ին, ժամը 09։10–ին, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի հիմնադրումից հետո 39 տարվա ընթացքում առաջին անգամ՝ կանգնեց վերջին գնացքը։ Եվ սա ապրիլմեկյան կատակ չէր. պարզապես կորոնավիրուսի համավարակին հաջողվեց անել այն, ինչն ի զորու չէին անել պատերազմն ու 90-ականների տնտեսական դժվարությունները։

Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն չի գործում

«Երբ գնացքը կանգնեց, տխուր զգացողություն առաջացավ։ Դեռ երբեք մետրոն այսքան դատարկ չէր եղել։ Նույնիսկ պատերազմի ժամանակ չենք դադարեցրել աշխատանքը։ Մարդիկ իրենց գրաֆիկները մեր գրաֆիկի հետ էին հարմարեցնում։ Այն ժամանակ մեր աշխատանքն անհրաժեշտություն էր, իսկ հիմա պետք է, որ մետրոն կանգնի»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող մեքենավար, մետրոպոլիտենի մասնաճյուղերից մեկի շահագործման գծով պետի տեղակալ Աշոտ Երեմյանը։

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հետևում են, որ պարետի հրամանը կատարվի

Նա խոստովանեց, որ մեքենավարները լքում էին իրենց խցիկները անսովոր տխուր զգացողությամբ, միևնույն ժամանակ հուսալով, որ այս վիճակը երկար չի տևի։ Ստորգետնյա կյանքն ամբողջությամբ կանգ չի առնի. մեքենավարները երբեմն աշխատանքի են գնալու և «աշխատեցնեն» գնացքը։ Սա արվելու է գնացքների աշխատանքային վիճակը պահպանելու համար, և որպեսզի մետրոպոլիտենն ամեն րոպե պատրաստ լինի վերսկսելու իր աշխատանքը։

Տղամարդիկ չեն պատկերացնում՝ ինչով են զբաղվելու այս 10 օրը, քանի դեռ մետրոն կանգնած է լինելու։ Բայց միևնույն ժամանակ համաձայն են պարետատան որոշման հետ, քանի որ քաջ գիտակցում են՝ մետրոյի վագոնում վարակվելու հավանականությունը մեծ է։

«Վերջին օրերին մենք անընդհատ մտածում էինք ոչ միայն անվտանգ երթևեկության, այլև ուղևորների և գործընկերների առողջության մասին։ Դա մեզ խանգարում էր աշխատել։ Ճգնաժամային իրավիճակում պետք է անսովոր որոշումներ ընդունել, և այդպես էլ արվեց», – շեշտում է Երեմյանը։

Նա ևս որոշում է կայացրել և գիտի, թե ինչով է զբաղվելու ինքնամեկուսացման ժամանակ. առցանց շախմատ է խաղալու, գիրք է կարդալու, հեռուստացույց է դիտելու և շփվելու է հարազատների հետ։ 30 տարի առավոտյան 7-ից մինչև 20:00-ն աշխատել է: Այդ գրաֆիկի պայմաններում կինն ու որդին հասցրել են կարոտել իրեն, իսկ հիմա ժամանակ կլինի զրուցելու և քննարկելու ընտանեկան հարցերը։ Մեքենավարը կատակում է, որ առանց միմյանց նյարդեր ուտելու էլ չի անցնի այս ժամանակը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 571

Հյուր գնալ կամ ընդունել Երեմյանը չի պատրաստվում: Նույնիսկ թոռանը չի այցելի, քանի որ ինքնամեկուսացումը կարևոր է համարում։

«Սիրում եմ հանգստյան օրերին «ծուխը երկինք հանել» (խորոված պատրաստել), բայց դա չեմ անի այնքան ժամանակ, մինչև համոզված չլինեմ, որ վիրուսն այլևս չի սպառնում», – եզրափակեց նա։

Նշենք, որ ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 571–ի։ Պարետ Տիգրան Ավինյանը որոշում է կայացրել մինչև ապրիլի 12–ը ներառյալ դադարեցնել հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Մետրոն դադարեցրել է իր գործունեությունն արդեն ապրիլի 1-ից։ Բացի այդ, երկրում սահմանափակվել է տնտեսական գործունեությունը։

Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն հսկիչ անցակետեր են տեղադրել քաղաքացիների և ավտոմեքենաների տեղաշարժը վերահսկելու համար։ Հասարակական տրանսպորտի գործունեությունն արգելվում է` բացառությամբ տաքսիների և երկաթուղային տրանսպորտի։ Աշխատանքի գնալիս պարտադիր պետք է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և տեղեկանք գործատուից։ Պետական գերատեսչությունների դեպքում այդ տեղեկանքները կփոխարինվեն ծառայողական վկայականներով։

Հետևել կնոջն ու գտնել ամուսնո՞ւն. ինչպե՞ս են մեկնաբանում «վերահսկողության մասին օրենքը»