ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի –Sputnik. Մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող այն ընտանիքները, որոնցում ծնողները 2020թ-ի մարտի 12-ից մինչև մարտի 31-ը գրանցված աշխատանք չեն ունեցել, նպաստառու չեն եղել, չեն ունեցել ԱՁ, աջակցություն կստանան կառավարության կողմից: Այսօր կառավարության նիստում լուրը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Գյումրիում սոված ընտանիք չի լինելու. «Սոցիալական շտապօգնությունը» կհասնի բոլորին
Կառավարության որոշմամբ՝ այդ ընտանիքները յուրաքանչյուր երեխայի համար կստանան 26 500 դրամ միանվագ աջակցություն:
«Պարտադիր պայման է նաև այն, որ երեխան կամ երեխաները և նրանց ծնողները պետք է 2020թ-ի ընթացքում մշտապես բնակված լինեն Հայաստանում: Ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողներից մեկը կամ երկուսն ունեցել են գրանցված աշխատանք, և նրանց աշխատավարձերի հանրագումարը գերազանցել է 500 000 դրամը»,- ասաց Բաթոյանը:
Ծնողական փառքի արժանացած ընտանիքները նաև նպաստ կստանան
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կորոնավիրուսի տարածման և ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պատճառով ստեղծված սոցիալական ու տնտեսական վիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությունն արդեն աջակցության 8-րդ միջոցառումն է մշակում, բայց մինչ օրս չի կարողանում հասնել իրական աջակցության կարիք ունեցող այն քաղաքացիներին, որոնք աշխատող են, բայց գրանցված չեն որպես աշխատող:
«Եվ մենք որոշեցինք, որ հասցեականության առումով ճիշտ կլինի, որ մենք այս աջակցությունը հասցեագրենք երեխաներին: Այսինքն՝ այս ծրագրի իրական շահառու են հանդիսանում ոչ թե ծնողները, այլ երեխաները»,- ասաց վարչապետը:
Կառավարությունը միաձայն հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած աջակցության ծրագիրը:
Պետությունը սոցիալական աջակցություն կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին