ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik.ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Սյունիքում ավազակային հարձակում է տեղի ունեցել, և երկու անձ մի կնոջից դանակի սպառնալիքով ոսկյա և արծաթյա զարդեր են հափշտակել։
«2020թ. մարտի 31-ին՝ ժամը 10:33-ին, Սյունիքի մարզի բնակիչն ահազանգել է, որ հարևանի տուն ինչ-որ մարդիկ են մտել և գողություն կատարել: Պարզվել է, որ Սյունիքի բնակիչը, համագյուղացի կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու շուրջ նախնական համաձայնության է եկել ծանոթի հետ։ Մարտի 30-ին Սյունիքի բնակիչը դարանակալել է դրսում, իսկ ծանոթը, լոգարանի ապակին հանելով, մուտք է գործել կնոջ բնակարան»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կնոջը սպառնացել են խոհանոցային դանակով, հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև բջջային հեռախոս։ Դրանից հետո երկուսով փախել են։
Ավազակային հարձակում Գյումրիում. դիմակավորված անձինք ծեծել են թոշակառու կնոջը
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի (ավազակության հանցակցություն) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ