ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է այս տարվա ֆինանսատնտեսական կանխատեսումները: Պատճառը Հայաստանի և համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ունեցած հետևանքներն են։
ԿԲ նոր կանխատեսումներով տնտեսական աճն այս տարեվերջին նախկինում կանխատեսվածից շուրջ 7 անգամ պակաս կլինի՝ կազմելով ոչ թե 5.3, ինչպես սպասվում էր, այլ ընդամնեը՝ 0.7 տոկոս:
Հետաքրքիրն այն է, որ կենտրոնական բանկի մասնագետները լավատես են ու հույս ունեն, որ կորոնավիրուսի ու դրա թողած տնտեսական հետևանքները հնարվոր կլինի հաղթահարել և արդեն 2021թ-ին հայաստանյան տնտեսությունը ոչ միայն կհաղթահարի ժամանակավոր անկումը, այլև կհասնի կանխատեսված 7.2 տոկոսանոց տնտեսական աճի ցուցանիշին:
Կորոնավիրուսի հետևանքով կտուժեն ոչ միայն տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, այլև մասնավոր հատվածը, մասնավորապես՝ արտաքին տրանսֆերտներով ապրող հայաստանցիները:
Համաշխարհային տնտեսության, մասնավորապես՝ ԱՄՆ, ՌԴ և Եվրոպական երկրների տնտեսական իրավիճակն ուսումնասիրելով, ԿԲ հաշվետվության հեղինակները եկել են այն եզրահանգմանը, որ մասնավոր փոխանցումները կնվազեն 16-19 տոկոսով:
Կենտրոնական բանկը նախագահի մեկ թեկնածու ունի. նա «առաջին փուլն» անցել է
Ինչ վերաբերում է գնաճին , այն ներկա պահին ցածր մակարդակում է՝ ի հաշիվ ձվի, մսամթերքի և վառելիքի գների անկման:
«Գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր մակարդակում՝ 2020թ-ի վերջին կազմելով 1.9 տոկոս»,- կանխատեսում է ԿԲ-ը:
Այդուհանդերձ, ձվի և մսի ապրանքախմբերում շուկաներում տեղի ունեցած գնանկումը, մասնագետների համոզմամբ, ժամանակավոր բնույթ է կրում և արդեն հաջորդ եռամսյակում, ըստ նրանց՝ «գնաճը կվերականգնի առաջանցիկ տեմպը», ինչը թեև սոցիալական տեսանկյունից կարող է ավելացնել անապահով քաղաքացիների ծախսերը, բայց տնտեսության կայունացման համար կարևոր գործն է:
Ի դեպ, ԿԲ այս հաշվետվության համար հիմք է ծառայել 2020թ-ի մարտի 17-ի դրությամբ առկա իրավիճակը: Եվ հաշվերտվության հեղինակներն էլ են խոստովանում, որ « ներկայում թե՛ առողջապահական առումով, և թե՛ տնտեսական առումով աշխարհը գտնվում է հսկայական անորոշության մեջ, որի պարագայում ցանկացած կանխատեսում և նույնիսկ ընթացիկ իրավիճակի քանակական գնահատականը պայմանական է»։
«Իրավիճակը փոխվում է օրեցօր, և Կենտրոնական բանկը գիտակցում է, որ այս հաշվետվության հրապարակման պահին արդեն ի հայտ է եկել մեծ քանակությամբ նոր տեղեկություն, որը հաշվի չի առնվել հրապարակվող կանխատեսումներում»,- նշված է հաշվետվության մեջ:
Բանկերը վերանայել են պայմանները. հազարավոր վարկառուներ վարկային արձակուրդ են ստացել
Եվ, քանի որ իրավիճակը կարող է զարգանալ տարբեր սցենարներով, Կենտրոնական բանկը ևս աշխատում է այլընտրանքային սցենարների մշակման ուղղությամբ: ԿԲ-ն վստահեցնում է, որ պատրաստ է արձագանքել իրավիճակի ցանկացած զարգացմանը՝ գների կայունությունն ապահովելու նպատակով։