Հայաստանում ևս մեկ մարդ մահացավ կորոնավիրուսից

Կորոնավիրուսից մահացած քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահանալու հերթական դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նիկողոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ մահացածը տղամարդ է։

Սա կորոնավիրուսից մահանալու 5-րդ դեպքն էր։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի` մեկ օրում ավելանալով 92-ով։ Երեկ հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկը մահացել է։ Մահվան առաջին դեպքը գրանցվել էր մարտի 26-ին։ Եվս երկուսը մահացել էին մարտի 29-ին։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել էր, որ վարակվածներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, մեկը երիտասարդ է։