ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամեն ինչ անում է «Ռոմայում» մնալու համար: Իտալական և անգլիական որոշ պարբերականների ներկայացմամբ` Հենրիխը պատրաստ է ավելի ցածր աշխատավարձի, միայն թե մնա «Ռոմայում»:
Նշենք, որ Մխիթարյանը 2018 թվականին երեք տարով պայամանգիր է ստորագրել Լոնդոնի «Արսենալի» հետ, իսկ 2019 թվականին վարձավճարով տեղափոխվել «Ռոմա»:
Անգլիական պարբերականներն անընդհատ քննարկում են հայ ֆուտբոլիստի ապագան` տարբեր վարկածներ ներկայացնելով: The Sun-ը, իր տեղեկությունների համաձայն, նշում է, որ Մխիթարյանը պատրաստ է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ ու շարուանակել իր ելույթները «Ռոմայի» կազմում։ Ընդ որում, ըստ պարբերականի, այդ ընթացքում հայ ֆուտբոլիստն անգամ դեմ չէ ստանալ իր աշխատավարձի կեսը: Հիմա Մխիթարյանը շաբաթական ստանում է 180 հազար ֆունտ: Ստացվում է` եթե կողմերը համաձայնության գան, Մխիթարյանի աշխատավարձը կկազմի 90 հազար ֆունտ:
Հենրիխի տեղափոխության գործում շատ մեծ նշանակություն է ունենալու նրա գործակալ Մինո Ռայոլան: Մեկ անգամ չէ, որ ֆուտբոլային աշխարհի հայտնի այս գործարարը կարողացել է իր ֆուտբոլիստներին ապահովել ցանկալի տրանսֆերով: Բայց «Արսենալի» դեպքում խնդիրներ կարող են առաջանալ, ընդ որում` և՛ Հենրիխի, և՛ լոնդոնյան թիմի համար:
Խաղաշրջանը կանգ է առել, բայց Մխիթարյանը գերադասում է մնալ Իտալիայում
Հրաժարվելով իջեցնել Մխիթարյանի տրանսֆերային գինը` «Արսենալը» ռիսկի է դիմում: Չէ՞ որ 2021 թվականի ամռանը հայ ֆուտբոլիստն «Արսենալից» կարող է հեռանալ առանց որևէ խնդրի ու ֆինանսական փոխհատուցման կամ կարող է որոշել մնալ թիմում: Ստացվում է, որ եթե լոնդոնյան ակումբը չգնա փոխզիջումների, ուղղակի վատություն կանի հայ ֆուտբոլիստին, որը, եթե որոշի վերադառնալ Անգլիա, կարող է տեղ չգտնել «Արսենալի» կազմում: Իսկ Հենրիխն արդեն 31 տարեկան է, ու նրան խաղալ է պետք: Մի խոսքով, այս ամենին կօգնի այսօրվա պայմանների թելադրած բանակցությունների վիրտուալ սեղանը:
Արդեն վաղուց է, ինչ շեշտվում է, որ «Արսենալը» Մխիթարյանի տրանսֆերի համար պահանջում է 25 միլիոն եվրո, իսկ «Ռոման» պատրաստ չէ այդքան գումար տրամադրել հայ ֆուտբոլիստի տեղափոխությունն ապահովելու համար: Հետո Corriere dello sport-ը տեղեկացրեց, որ անգլիական թիմը իջեցրել է տրանսֆերի գինը մինչև 20 միլիոն եվրո, չնայած Transfermarkt-ը Հենրիխ տրանսֆերի արժեքը չի փոխում՝ 25 միլիոն: Թե ինչքան է ուզում «Արսենալը», արդեն հասկանալի է: Իսկ ինչքա՞ն է պատրաստ «Ռոման» վճարել հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար:
Ըստ Gazzetta dello sport-ի` «Ռոման» Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար առաջարկում է 10 միլիոն եվրո: Լոնդոնի «Արսենալը» պահանջում է առնվազն երկու անգամ ավելի: Սակայն երկու կողմերն էլ պետք է հաշվի նստեն նաև Հենրիխի ցանկության հետ: Հայ ֆուտբոլիստն ուզում է շարունակել իր կարիերան Իտալիայում, և այդ տեսանկյունից «Արսենալն» արդեն թելադրողի դերում չի կարող լինել, բայց կարող է և լուրջ խնդիրներ առաջացնել Մխիթարյանի` «Ռոմայում» մնալու ցանկությունն իրականանալու համար:
«Փոքր ժեստերը միավորում են մեզ». Մխիթարյանը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարի կոչին
The Sun-ին տրված հարցազրույցում Մխիթարյանը, խոսելով «Ռոմայում» իր մնալ–չմնալու մասին, ասել է. «Մենք չգիտենք, թե երբ ենք դուրս գալու խաղադաշտ: Սկզբում մի ակումբում ես, հետո մյուսում ես հայտնվում: Երբեք չես կարող իմանալ, թե ինչ է սպասում քեզ ապագայում:»
Մխիթարյան, թե Սմոլինգ. «Ռոման» ընտրության առա՞ջ է կանգնած
Հավելենք, որ 2019/20 թվականների չավարտված մրցաշրջանում Հենրիխը «Ռոմայի» կազմում խաղադաշտ է դուրս եկել 17 անգամ, դարձել 6 գոլի հեղինակ ու կատարել 4 գոլային փոխանցում: