ՀՀ նախագահը ստորագրեց վիճելի օրենքը

Արտակարգ դրության պայմաններում Սահմանադրությամբ ամրագրված մարդու առանձին հիմնարար ազատությունների և իրավունքների ժամանակավոր սահմանափակումը անխուսափելի է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի- Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացներում կատարելու մասին օրենսդրական փաթեթը։

Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝  չնայած օրենքները նախատեսում են մարդու իրավունքների զգալի սահմանափակումներ, նախագահը ստորագրել է դրանք՝ հաշվի առնելով, որ այդ սահմանափակումները կառավարության կողմից պետք է կիրառվեն որպես բացառիկ միջոցներ և բացառապես արտակարգ դրության ժամանակահատվածում:

Հետևել կնոջն ու գտնել ամուսնո՞ւն. ինչպե՞ս են մեկնաբանում «վերահսկողության մասին օրենքը»

«Արտակարգ դրության պայմաններում Սահմանադրությամբ ամրագրված մարդու առանձին հիմնարար ազատությունների և իրավունքների ժամանակավոր սահմանափակումը անխուսափելի է: Այն բխում է ինչպես հանրային շահից, այնպես էլ յուրաքանչյուրի բարձրագույն մարդկային իրավունքի՝ մարդու կյանքի և առողջության պահպանման անհրաժեշտությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է՝ օրենքների կիրառման միակ նպատակը պետք է լինի մարդկային կյանքի փրկությունը և հանրային առողջության պահպանումը։ Ընդգծվում է, որ անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների սահմանափակումները իրավասու մարմինները պետք է կիրառվեն միայն այս նպատակներով։

Դուք այսինչ օրը շփվել եք այսինչի հետ. նա վարակակիր է, պետք է ինքնամեկուսանաք

«Կառավարությունն իր կողմից պարտավոր է դրսևորելու բացառիկ հետևողականություն, որպեսզի նախատեսվող սահմանափակումները կյանքի կոչվեն՝ չհանգեցնելով Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների անհարկի միջամտությանը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Մեկուսացման ռեժիմը խախտողները կենթարկվեն պատասխանատվության. ԱԺ–ն օրենք ընդունեց

Հիշեցնենք՝ երեկ՝ մարտի 31-ին Ազգային ժողովը բացառապես իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ,  երկրորդ փորձից ընդունեց կառավարության առաջարկած՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մասին նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեցին դահլիճում  ներկա բոլոր 71 պատգամավորները:

Նշենք, որ ԱԺ-ն երեկ արդեն երրորդ անգամ էր նիստ գումարել՝ քննարկելու և երկրորդ ու վերջնական ընթերցմամբ քվեարկելու կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը:

Ավելի վաղ՝ մարտի 30-ին, ԱԺ արտահերթ նիստում օրինագծերի փաթեթը ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սակայն մարտի 31–ին երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ նախագիծը չստացավ անհրաժեշտ ձայների քանակն ու չընդունվեց:

ԱԺ-ն դարձյալ արտահերթ նիստ է գումարել. ընդդիմությունը դահլիճում չէ

Մի քանի ժամ անց, սակայն, կառավարությունը նոր որոշում կայացրեց ու նույն փաթեթը դարձյալ ուղարկեց խորհրդարան՝ արտահերթ նիստում քննարկելու, ընդ որում՝ զրոյից՝ թե՛ առաջին, և թե՛ երկրորդ ընթերցմամբ: