ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik.Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50 տոկոս +1 շեմը։
«Ընտրողների թիվը 104 348 էր, որից ընտրությանը մասնակցել են 76 728-ը, այսինքն` ընտրողների 73.5 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 2625 քվեաթերթիկ` 3.5 տոկոսը»,–ասաց նա։
Արզումանյանի խոսքով` ըստ նախատեսված ժամանակացույցի՝ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին:
Ինչ վերաբերում է յուրաքանչյուր թեկնածու ստացած ձայներին, ապա ըստ նախնական տվյալների` դրանք բաշխվել են հետևյալ կերպ.
Քրիստին Բալայանին կողմ են քվեարկել 202 ընտրող կամ ընտրողների 0.3 տոկոսը,
Վիտալի Բալասանյանը ստացել է 10 755 քվե կամ քվեների 14.7 տոկոսը,
Սերգեյ Ամիրյանը ստացել է 106 քվե (0.2 տոկոս),
Դավիթ Բաբայանին կողմ է քվեարկել 587 ընտրող (0.8 տոկոս),
Բելլա Լալայանը ստացել է 162 քվե (0.2 տոկոս),
Արայիկ Հարությունյանը ստացել է 36 076 ձայն (49.26 տոկոս),
Հայկ Խանումյանին ընտրել է 962 քաղաքացի (1.3 տոկոս),
Դավիթ Իշխանյանը ստացել է 1873 ձայն (2.56),
Վահան Բադասյանին ընտրել է 743 անձ (1 տոկոս),
Մասիս Մայիլյանին ընտրել է 19 360 մարդ (26.4 տոկոս),
Աշոտ Ղուլյանը ստացել է 1683 քվե (2.3 տոկոս),
Ռուսլան Իսրայելյանը ստացել է 368 քվե (0.5 տոկոս),
Աշոտ Դադայանի թեկնածությանը կողմ է քվեարկել 198 մարդ (0.3 տոկոս),
Մելսիկ Պողոսյանը ստացել է 141 քվե (0.2 տոկոս)։
Ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։
Հիշեցնենք` Արցախի Հանրապետությունում երեկ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին։ Նախագահի պաշտոնի մրցապայքարում ընտրություններին մասնակցում էին 14 թեկնածու, խորհրդարանական ընտրություններին` 12 քաղաքական ուժեր։