ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Որքան էլ արտակարգ դրությունն ու մարդկությանը պատուհասած վարակը հուսահատեցնում ու վախեցնում են շատերին, այդուհանդերձ մարդիկ չեն դադարում կատակել այս թեմայով։ Բայց գյումրեցիներն իրենց սուր ու դիպուկ կատակներով այս հարցում էլ են առանձնանում: Օրինակ` երաժիշտ Արմեն Հովհաննիսյանը, որը որոշել էր այս տարի վերջապես ամուսնանալ, հիմա մտածմունքների մեջ է ընկել։
«Յանի որոշել էի էս տարի նշանվել, էն է թարսի բան է: Հմի որոշմանս մասին Ավինյանին բդի ըսեմ, թողեց՝ կնշանվիմ, չթողեց՝ էլի տունը կմնամ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Հովհաննիսյանը ալկոգելին փոխարինող «փորձված» տարբերակ ունի։ «Գուզեմ ալկոգելի փոխարեն բժիշկներին առաջարկել մեր գյումրվա տարբերակը՝ խաշի ջուրը՝ սխտորով. Ձեռքերն ու դեմքը հականեխելու ու պաշտպանելու համար: Փորձած է»:
Նրան «զարմացրել» է նաև արտակարգ դրության ժամանակ տնից դուրս գալու պարտադիր պահանջներից մեկը։
«Առաջ մենակ փոքր երեխեքին կըսեին` «պասպորտդ» ցույց տու, հմի արդեն սաղին»:
Նրա խոսքով` գյումրեցին գիտի նաև, թե կորոնավիրուսն ում «ձեռքի գործն» է։ «Ըսիգ կնգա էրած է՝ ո՛չ ֆուտբոլ կա, ո՛չ լևի էրթալ»:
Մինչ վարակի տարածվելը Արմենը Facebook սոցիալական ցանցում մի խումբ է բացել («Հայաստանի Ստատուս Գրողների Միություն»), որը հատկապես այս օրերին համալրվում է նոր հումորներով ու գրառումներով։ «Գրողների միությանը հմի արժեք տվող չկա, սաղ ստատուսագիր են, ես էլ որոշի խումբը բացել»:
Խմբում հիմա ամեն ինչ կապված է վարակի հետ, նույնիսկ անեծքը. «Golden Palace-ի ու Դիլիջանի փայ դառնաս, ուզողդ Էջմիածնից լինի, դիմակներդ քրքրվեն, ալկոգելդ պրծնի, զուգարանի թուղթ չկարենաս առնես»:
Հեռավար լողի դասեր անջուր «լողավազանում». զվարճալի տեսանյութ` 4 փոքրիկների մասնակցությամբ
Այս ընթացքում գյումրեցին նաև խորհուրդ է տալիս . «Տուն գուկաք` զգույժ էղեք, մասկեն հանեք, տեսեք` ձեր կնիգն է, թե էլօղլու»: Իսկ «Կատակում են գյումրեցիները» խումբն առաջարկում է. «Հայաստան էկող դիմակների քթի մասը մեծ էրեք, Լեննական էկողներինը` բերանները լեն»:
Ստեղծված կարանտինային իրավիճակը, ըստ գործազուրկ գյումրեցիների, իրենց կյանքում շատ բան չի փոխել` թղթաբանությունն է շատացել:
Կեքսերը դիմակներ են հագել, իսկ տորթը կորոնավիրուսի տեսք է ընդունել. զվարճալի ֆոտոշարք