ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնում է, որ վերջին օրերին քաղաքացիներից հեռախոսազանգերի միջոցով ստացել է բազմաթիվ մտահոգություններ՝ կապված ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) որակի ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության հետ:
Ալկոգելի շուկայում ստուգումներ են իրականացվում
«Ըստ տարբեր տեղեկությունների՝ շուկայում առկա են նաև կասկածելի ծագում և բաղադրություն ունեցող ալկոգելներ: Հորդորում ենք մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող տնտեսվարողներին՝ ընդունել և վաճառել միայն համապատասխանության գնահատման փաստաթուղթ և համապատասխան մակնշում ունեցող արտադրանք, այլապես ամբողջ պատասխանատվությունն ընկնում է տվյալ տնտեսվարող սուբյեկտների վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, տեսչական մարմինը հորդորում է սպառողներին ալկոգել գնելիս ստուգել համապատասխանության գնահատման փաստաթղթի և մակնշման առկայությունը, իսկ դրանց բացակայության դեպքում թեժ գծի միջոցով այդ մասին տեղյակ պահել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին:
Նշենք, որ ալկոգել արտադրող հայաստանյան երկու տասնյակ տնտեսվարողների արտադրամասերում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել:
Վերջինս Տեսչական մարմնի պահանջով արդեն իսկ դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:
Հայաստանում օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում. Գեղամ Գևորգյան