«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին

Վարչապետը նշել է, որ Արիանա Կաոիլին Հայաստանի լավ բարեկամն էր, երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի –Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը  ցավակցել են Լևոն Արոնյանին կնոջ՝ Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ։

«Լևոնին համբերություն»․ Արայիկ Հարությունյանը ցավակցել է Արոնյանին

«Անասելի ցավ ենք ապրում. կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։ Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ  երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եւ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր։ Ես  և Նունեն, վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության խոսքերով»,–նշված է նախագահի ցավակցական ուղերձում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ցավակցել է Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ։ Փաշինյանը նշել է, որ խորապես ցնցված է գրոսմայստեր Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից: «Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ ժողովրդի կողմից: Նա Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակ»,–իր ուղերձում գրել է Փաշինյանը։

Նրա խոսքով` Կաոիլիի մահը ցավալի կորուստ է բոլորիս համար, և նրա հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի սրտում:

Հիշեցնենք, որ Արոնյանը Twitter-ի իր էջում հայտնել էր կնոջ մահվան մասին:

Նշենք, որ Կաոլին վթարի էր ենթարկվել մարտի 14-ի լույս 15-ի գիշերը Սեբաստիա փողոցում: Lexus- ի ղեկին գտնվող Արիանան կորցրել էր կառավարումը և բախվել բետոնե արգելապատնեշին: Փրկարարներին հաջողվել էր վարորդին մեքենայից դուրս բերել միայն հատուկ տեխնիկայի միջոցով: Տուժածը տեղափոխվել էր Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: Չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չհաջողվեց։