ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա և դա կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների՝ այդ թվում առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր»,– գրել է փոխվարչապետը:
Գրիգորյանը նշել է` հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը` նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ:
«Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»,– նշված է նամակում:
Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակում ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն։ Ընդ որում, Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն երկրորդ տարին է` չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139 հազար դրամ (հազար խորանարդ մետրի դիմաց) կամ մոտավորապես 290 դոլար:
Արտակարգ ռեժիմում Հայաստանն անջուր ու անլույս չի մնա. նրանք աշխատում են, որ դուք մնաք տանը
Նավթի գները 30%–ով նվազեցին, երբ մարտի 6-ին ՕՊԵԿ–ի երկրները չկարողացան պայմանավորվածություն ձեռք բերել ո՛չ արդյունահանման կրճատման վերաբերյալ գործարքի պարամետրերի փոփոխման, ո՛չ էլ դրա երկարացման շուրջ։ Նավթի գների անկման ֆոնին աճեց ռուբլու նկատմամբ դոլարի և եվրոյի փոխարժեքը։ Նավթի գների ներկայիս անկումը ամենառեկորդայինն է 1991 թվականից ի վեր (Պարսից ծոցում պատերազմի ավարտից հետո)։