ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Մոսկվայի Կոմունարկա ավանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի` բժշկի վիճակը գնահատվում է բավարար: Նա բուժվելու է իր իսկ հիվանդանոցում։
Պրոցենկոն իր ախտորոշման մասին գրել է Facebook-ում։
«Սիրելի ընկերներ, զգացված եմ ձեր վերաբերմունքից։ Այո, իմ թեստը դրական է եղել, բայց ես ինձ շատ լավ եմ զգում։ Մեկուսացել եմ իր աշխատասենյակում, որտեղ կան բոլոր պայմանները հեռահար աշխատանքի, կառավարման և խորհրդատվությունների համար»,- գրել է նա։
Նշենք, որ Կոմունարկայի հիվանդանոց են ուղարկում կորոնավիրուսի կասկածով հիվանդներին։
Հայտնի է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ այցելել էր այս հիվանդանոց, շփվել Պրոցենկոյի և բուժանձնակազմի հետ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի` Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բժշկի վերաբերյալ տեղեկությունից հետո վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է, ՌԴ նախագահը պարբերաբար կորոնավիրուսի թեստ է հանձնում։
Ի դեպ, հայտնի երգիչ Լև Լեշչենկոն, որի մոտ COVID-19 են ախտորոշել, բուժվում է հենց այդ հիվանդանոցում։