Փաշինյանն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել․ ԵԱՏՄ ղեկավարները կհանդիպե՞ն

Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են տնտեսական խնդիրների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև դիտարկել ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին հայտնում է БЕЛТА–ն` հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Վրաստանի հետ. Փաշինյանը մանրամասնել է

Նշվում է, որ Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են ներկայիս պայմաններում տնտեսության գործունեությունը` մատնանշելով առկա խնդիրները և դժվարությունները:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների գնի շուրջ, որոնք Հայաստանն ու Բելառուսը ձեռք են բերում Ռուսաստանից։ Կողմերն արձանագրել են բնական գազի բարձր գինը և նշել, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ներկայիս իրավիճակին։

Բացի այդ, Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են նաև առողջապահական համակարգերի աշխատանքին և վիրուսային վարակների տարածմանը հակազդելուն ուղղված հարցեր։

Փաշինյանը Գախարիայի հետ քննարկել է Վրաստանի տարածքով հայկական բեռների փոխադրման հարցը

Նրանք անդրադարձել են նաև ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հնարավոր հանդիպումը կազմակերպելու հարցը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել առաջացած տնտեսական մարտահրավերները։

ՌԴ–ի ընդունած նոր սահմանափակումները չեն ազդելու բեռնափոխադրումների վրա. Փաշինյան

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Լուկաշենկոն՝ որպես ԵԱՏՄ–ում համանախագահող երկրի ղեկավար։ Նա ընդգծել է մանրամասն քննարկումներ պահանջող հրատապ հարցերի շրջանակը։

Բելառուսի նախագահը հանձնարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին քննարկել հարցը կողմերից յուրաքանչյուրի հետ։ Համաձայնելու դեպքում Մինսկը կառաջարկի հանդիպումն անցկացնել  նեղ կազմով` երաշխավորելով բոլոր պատվիրակությունների անվտանգությունը։

Քննարկումների անցկացման այլընտրանքային ձևաչափ կարող է լինել ԵԱՏՄ առաջնորդների մասնակցությամբ տեսակապը։

«Եթե Հայաստանը դիմի, կօգնենք». դեսպանը` կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ աջակցության մասին