Ադրբեջանական կրակոցից դպրոցական է վիրավորվել. ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին

Առաջիկայում օմբուդսմենի գրասենյակը կամփոփի սահմանում տեղի ունեցած վերջին միջադեպի հետ կապված բոլոր տվյալները, ինչպես նաև վերջերս Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական տարածքների հրետակոծման դեպքերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ նամակ կուղարկի միջազգային կառույցներին՝ կապված Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի հետ, որի հետևանքով 14-ամյա դպրոցական է վիրավորվել: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Տավուշում վիրավորված երեխայի վիճակը կայուն ծանր է. նրան տեղափոխում են Երևան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 30-ին հաղորդել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիոն ներթափանցման փորձ են արել, սակայն հայկական կողմի գործողությունների արդյունքում ադրբեջանական դիվերսանտները հետ են շպրտվել: Գործողության ընթացքում վիրավորվել են երկու հայ զինծառայողներ: Ադրբեջանական կողմը միաժամանակ կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան համայնքների ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է այդ պահին պատշգամբում գտնվող դպրոցահասակ երեխան:

ՄԻՊ-ի գրասենյակը արձանագրել է, որ 14-ամյա երեխան վիրավորվել է ադրբեջանական գնդակոծության հետևանքով:

ՄԻՊ գրասենյակի աշխատակազմը կապ է հաստատել Ոսկեվանի, ինչպես նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարների հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը, մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացել է դեպքի բոլոր մանրամասներին: Նախնական տվյալներով ՝ 14-ամյա դպրոցականը վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում, այժմ նա գտնվում է բժիշկների անմիջական հսկողության տակ:

Ադրբեջանական դիվերսիոն գործողություններից վիրավորված զինծառայողներին կտեղափոխեն Երևան

Զեկույցում նշվում է, որ առաջիկայում կամփոփվեն միջադեպի հետ կապված բոլոր տվյալները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի հրետակոծման դեպքերը:

Ադրբեջանն արհամարհում է միջազգային հանրության կոչերը. ՀՀ ԱԳՆ

«Հաշվի առնելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնելու մանդատը՝ Մարդու իրավունքների պաշտպանն իր ամփոփած տեղեկությունները հատուկ նամակով կուղարկի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին», - նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարություն էր տարածել ՝ կապված Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի հետ, որում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները անտեսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի`այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը:

Նախարարությունը խստորեն դատապարտել է Բաքվի`Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրման փորձերը: