Սիմֆոնիկ նվագախումբն իր առցանց կատարումը նվիրել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին

Հայաստանում պայքարում են կորոնավիրուսի դեմ, և յուրաքանչյուրն անում է դա իր մասնագիտական կարողություններով:
Sputnik

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հեռավար երաժշտական երախտագիտություն է հայտնել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին:

Մնացեք տանը հանուն մեզ․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկի ֆլեշմոբը հուզել է օգտատերերին

Նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը facebook-ի իր էջում հրապարակել է Հայաստանի պետական օրհներգի հեռավար կատարումը, որին նվագախմբի անդամներից յուրաքանչյուրը մասնակցում է տնից՝ համացանցի միջոցով:

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սատարում է ձեզ՝ մնալով տանը, փորձելով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը՝ այդպիսով նաև թեթևացնելով ձեր աշխատանքը: Առողջությո՛ւն բոլորին»,- գրում է մաեստրո Սմբատյանը:

Հիշեցնենք` այսօրվա տվյալներով` Հայաստանում 482 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 58-ով։

Վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Վարակվածներից երեքը մահացել են։

Վարակվածների մեջ կան նաև բուժաշխատողներ, որոնք հիվանդացել են իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս: Հայաստանում բժիշկներին ուղղված երախտագիտության բազմաթիվ ակցիաներ են իրականացվում: Իսկ օրեր շարունակ տուն չգնացող բժիշկների երխաներն օրերս ֆլեշմոբ էին հրապարակել, որտեղ խնդրում էին բոլորին մնալ տանը, որ իրենց ծնողները կարողանան տուն վերադառնալ:

«Մնացեք տանը, որ մամաս շուտ գա տուն». Մասիսի բժիշկների երեխաների հուզիչ ֆլեշմոբը